Հայաստանի և Եվրամիության միջև բանակցված իրավական շրջանակային համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ բարեկամ այլ պետությունների հետ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Երբ պետությունների միջև պարբերաբար իրականացվում են քաղաքական խորհրդակցություններ, դա նշանակում է, որ նրանց միջև տեղի է ունենում մտքերի փոխանակություն նախատեսվող պլանների վերաբերյալ, ճշգրտվում են ընթացիկ շահերը, մոտեցումները, պատկերացումները, տրվում են բացատրություններ: Մենք այս առումով միշտ բաց ու հասկանալի ենք եղել մեր բոլոր գործընկերների համար՝ ինչպես ռազմավարական դաշնակիցների, այնպես էլ հարևանների, բարեկամ պետությունների հետ, որոնց հետ ունենք երկկողմ հարաբերություններ, ընդհանուր շահեր, կենսական նշանակության խնդիրներ: Հետևաբար, այո՛, խորհրդակցություններ եղել են, դրանք միշտ կան ու կլինեն»,- շեշտեց Արտակ Զաքարյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/18/artak-zaqaryan/2312488
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



