Այսօր խորհրդարանի դահլիճում զավեշտալի դեպք տեղի ունեցավ, մի պատգամավորուհի հորինած մի նամակ կարդաց՝ ինքն իր արածից գոհ, ինքն իր արածով ինքնաբավ...
Երբեմն զարմանալի, զարմանալի, զարհուրելի կարող է լինել կինը՝ ընդհանրապես, իսկ որոշ կանայք՝ հատուկ կարգով: 

Ամենից անընդունելին (այլ բառ չեմ ուզում գործածել ընթերցողներին հարգելով) այն է, որ չափ ու սահման ասվածը ոմանց դեպքում պարզապես գոյություն չունի: Օրերս Անահիտ Բախշյանը (ում շատ եմ հարգում), խոսելով կոնկրետ հարցի մասին, ասել էր, թե չի պատրաստվում ոմանց հարիր լաչառությամբ հակադարձել: Եվ դա է ճիշտը, ինքս էլ չուզեցի նույն լաչառությամբ հակադարձել այսօր՝ խորհրդարանի դահլիճում, բայց համբերությունն էլ սահման ունի եւ, այսուհետ բոլորովին մտադիր չեմ հանդուրժել այս կարգի բաները, մանավանդ՝ բարիկադներ կառուցելը էթիկայի կանոնների կոպիտ խախտումներով, վատ, շատ վատ բան է: Եվ եթե ես՝ որպես քաղաքացի, հարգում եմ այլոց ընտրությունը, անգամ այցելում եմ երկրորդ տեղը գրաված թեկնածուին եւ հորդորում եմ դադարեցնել հացադուլը՝ առանց վիրավորելու, առանց լաչառության եւ առանց խախտելու էթիկայի ընդունված նորմերը, ապա իրավունք ունեմ նույնը պահանջել նաեւ հակառակ կողմից: Իմ ընտրած նախագահի հասցեին խորհրդարանի դահլիճում ցանկացած վիրավորական խոսք այսուհետ կստանա իր հակահարվածը: Եթե ոմանք ունակ են ընկալել միայն լաչառության լեզուն, ապա թող ոչ ոք չկասկածի՝ այդ մենք էլ կարող ենք:
Պարզապես չենք անում, որովհետեւ այնտեղ, որտեղ մենք ենք ծնվել ու մեծացել, մարդիկ ավելի բարեկիրթ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել