Շքեղ մարմին ունենալը ցանկացած կնոջ երազանքն է: BlogNews-ը գտնում է, որ երազանքը պետք է իրականություն դառնա, և այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում վարժություններ, որոնք ձեզ կպարգևեն ձեր երազանքների մարմինը:

Հիանալի կլորիկ հետույք

Իջե՛ք ծնկների վրա՝ ձեռքի ափերով հենվելով գետնին: Ձեռքի ափերը՝ ուսերի տակ, ծնկները՝ կոնքերի տակ, մեջքը ուղիղ: Այնուհետև ծալված ոտքը բարձրացրեք կոնքերի մակարդակին, և մի փոքր պահելուց հետո իջեցրեք: Արեք 10-15 բարձրացում յուրաքանչյուր ոտքով 3 անգամ հերթափոխով:

Պառկեք մեջքի վրա՝ ոտքերը ծալած: Ձգեք ձեր մկանները և ոտքի թաթերով գետնին հենվելով՝ բարձրացրեք կոնքերը: Մոտ 2 վայրկյան մնացեք այդ վիճակում և ապա նոր իջեցրեք ձեր մարմինը: Արեք 10-15 բարձրացում 3 անգամ:

Ձիգ կուրծք

Ընդունեք նկարում պատկերված ելման դրությունը: Շունչ քաշելուն զուգահեռ ծալեք ձեր ձեռքերը և ցած թեքվեք: Արտաշնչելուն համընթաց վեր բարձրացեք ելման դրություն: Կրկնեք այս վարժությունն այնքան շատ, որքան կարող եք:

Այս վարժության համար ձեզ հարկավոր են 2-4 կգ-անոց մարզագնդեր (гантели): Մեկական մարզագունդ ձեռքերում պահած՝ պառկեք մեջքի վրա՝ ծնկները ծալած, ձեռքերը՝ կողք: Արտաշնչելուն համընթաց ձեռքերը բերեք ուղիղ մեջտեղ այնպես, որ մարզագնդերը իրար կպնեն: Ներշնչելուն զուգահեռ կողք տարեք ձեռքերը ելման դրություն:

Բարակ իրան

Պառկեք մեջքի վրա և ծալեք ոտքերն այնպես, որ ձեր մեջքի հետ 90 աստիճանի անկյուն կազմեն: Խորը շունչ քաշելով վեր բարձրացրեք ձեր մարմնի վերի հատվածը: Թեքեք մեջքն այնպես, որ ձեր աջ արմունկով հպվեք ձեր ձախ ոտքին և հակառակը: Յուրաքանչյուր կողմով արեք 10-15 թեքում 3 անգամ:

Բարեկազմ ոտքեր

Կանգնեք ուղիղ, ոտքերն ուսերից մի փոքր լայն զատած: Ուսերն իջեցրեք և հետ տարեք, ձեռքերը բերեք առաջ: Նրբորեն հետ տարեք ձեր կոնքերը և ծալեք ծնկները: Կքանիստեր անելիս մեջքն ուղիղ պահեք: Կատարեք 10-15 կքանիստ 2 անգամ:

Պառկեք մեջքի վրա, ձեռքերը գետնին: Աջ ոտքը վեր բարձրացրեք՝ մեջքի հետ 90 աստիճանի անկյուն կազմելով, ապա ձախ ոտքը կտրեք գետնից՝ դրան զուգահեռ պահելով: Մնացեք այդ դիրքում մի քանի վայրկյան: Այնուհետև արեք նույնը ոտքերը փոխած: Կատարեք վարժությունը 10-15 անգամ յուրաքանչյուր ոտքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել