Չէ՞ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն,
Իսկ ես ամեն ինչ ունեցա կյանքում՝
Քեզանից բացի.
Եվ ես ոչնչով միայն մնացի՝
Ունեցա ոչինչ.
Աշխարհում այս մեծ,
Անսկիզբ, անվերջ
Անհատակ ու լայն,
Չէ՞ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն...
****
Հազար անգամ խոստացել եմ ինձ
Ոչ մի պայմանով էլ չսխալվել,
Սխալվել եմ ես հենց հաջորդ քայլից
Ու մանկան նման նորից եմ տարվել:
Խաբվել եմ իսկույն արտաքին փայլից,
Հիացել անսիրտ ժպիտներով սուտ,
Նոր սխալի մեջ բռնել եմ ես ինձ,
Նոր երդումներ թափել անօգուտ:
Նորից նախատել ու նորից դատել,
Նորից ինքս ինձ հույսերով պատել
Եվ այսպես անվերջ, և այսպես անվերջ:
Ուսուցչուհու պես խոժոռվել եմ խիստ,
Աշակերտի պես չոքել իմ առաջ
Ու սիրտս բացել:
Հազար ձևերով հսկել եմ ես ինձ,
Բայց խոսքս պահել չեմ կարողացել :
****
Խեղդվելու չափ պետք ունեմ ես
Լավ ընկերոջ ու լավ մարդկանց.
Ոչ մի թավիշ շող ու շքեղ,
Ոչ մի գունեղ մետաղ ու գանձ.
Ոչ մի թռիչք՝ երկինք հասնող,
Փառքի կատար ամենախանձ,
Ու պարտադիր սուտ սերերի,
Ոչ մի կպչուն սոսինձ ու սանձ:
Մաքուր, մաքուր ու լուսնատես,
Լուսաբացի ցուրտ օդի պես.
Ես հոգնել եմ, հոգնել եմ ես
Ձևացնելով ու ձգելով,
Չեղած լավը սուտ փքելով,
Հույս տալով ինձ, սպասելով,
Ու մեղաներ ինձ ասելով:
Տարիները եկել, դիզվել՝
Ծանրացել են թռիչք ու թափ,
Լավ սրտերի պետք ունեմ ես
Խեղդվելու չափ,
Խեղդվելու չափ:
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2013/03/blog-post_6676.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել