“Գոյություն ունի արդյոք ավելի կարևոր բան քան աղոթքն է ”, հարցրեց աշակերտն իր ուսուցչին: Վերջինս խնդրեց աշակերտին մոտենալ հարևանությամբ աճող թփին և մի ճյուղ պոկել: Աշակերտը հնազանդվեց: “Թուփը դեռ կենդանի է”, հարցրեց ուսուցիչը: “Նրա հետ ոչինչ չի պատահել, նա այնպիսին է ինչպես առաջ էր”, պատասխանեց աշակերտը: “Այժմ գնա և կտրատիր նրա արմատները”, ասաց ուսուցիչը: “Եթե ես այդ անեմ թուփը կչորանա”, ասաց աշակերտը: “Աղոթքները ծառի ճյուղերն են հանդիսանում, որի արմատները ՀԱՎԱՏՔՆ է”, ասաց ուսուցիչը: “Հավատքն առանց աղոթքի կարող է լինել, սակայն ոչ մի աղոթք առանց հավատքի գոյություն ունենալ չի կարող”:
“Մակտուբ” 

Փորձենք հասկանալ, թե վերջապես ով ենք մենք: Միայն ձևական աղոթք անող ենք, թե Ճշմարիտ Հավատքի գոնե որոշակի տարրեր կրում ենք մեր ներսում: 
Մեզանից շատերը Հայ Քրիստոնեական բոլոր տաղավար տոներին և ոչ միայն, որպես հավատացյալներ հաճախում են եկեղեցիներ, մոմեր են վառում, աղոթում և Վեհափառ Հայրապետի քարոզներն ու պատգամներն են լսում, որոնք բովանդակային կարևորագույն իմաստներ են կրում իրենց մեջ: Այդ քարոզները, որպես օրենք, ուղղված են մերօրյա համընդհանուր ճգնաժամի բուն, խորքային պատճառների ՃՇՄԱՐԻՏ մեկնաբանությանը, մեզանում առկա հոգևոր-բարոյական անկման պատճառների բացահայտմանը: Այս պատգամներում անուղղակիորեն նաև համընդհանուր վայրեջքի կասեցման և ազգիս բարոյահոգեբանական վիճակի բարելավման ուղիներ են մատնանշվում: Ահա հատվածներ այդ պատգամներից.
• “Մեր օրերի համընդհանուր ճգնաժամը, որ բացատրվում է քաղաքական, տնտեսական, նյութական պատճառներով, հիմնականում նույնպես օտարացման և հեռացման հետևանք է դեպի Աստված տանող լուսավոր Ուղուց”: 
• ” Հոգևորի անտեսումով նյութականի, դրամի գերարժևորումը,… դրամը փոխանակ լինելու կյանքի արդար ու բարի ընթացքը կազմակերպելու միջոց, դառնում է գլխավոր նպատակ”:
• “...քանզի ընդունում և դավանում ենք կյանք պարգևող Որդուն, … ուր զուգակցված են օրինապահությունը `սիրո, արդարադատությունը` գթասրտության, հարստությունը` ողորմության, ուժը` աջակցության, կարողությունը` սպասավորության հետ”
• “Մարդը աշխարհի իրականության առջև հաճախ կարծում է, որ կյանքի բարելավումը, հասարակության բարօրությունը հասանելի է հատկապես նյութականի առատությամբ: Մինչդեռ, եթե մարդկանց հոգում չկա Աստված, նյութականը միայն բաժանում է մարդկանց, ցամաքեցնում կյանքի ուրախությունն ու երջանկությունը:”
• “Ունևորն ապրում է անհանգստության մեջ, չունևորը` նեղսրտության, ընդհանուր հասարակությունը` օտարացման: Հանուն նյութականի են մարդիկ հնարներ փնտրում կողոպտելու, զրկելու, նվաստացնելու: Հանուն նյութականի են օրենքներ խախտում, պաշտոն չարաշահում, իրավունք ոտնահարում, միմյանց կործանում:”
• “Աստծո հետ պաշտոնը ծառայություն է, մարդկային ունակություններն ու կարողությունները` աղբյուր բարիքի, երկրի շենացման, կյանքի բարօրության:”

Այս քարոզները միշտ ուշիմ լսում են մեր կառավարիչները, քանզի նրանք է, որ մշտապես նստած են առաջին շարքերում: Հիմա ինչ ասենք, եթե նրանք առաջինն էլ խախտում են այդ պատգամները: Հավատք ունեն արդյոք նրանք իրենց մեջ, թե ընդամենը ձևական քարոզ լսողներ ու աղոթք անողներ են և ընդամենը տաճարի դռանը ստակ փոխողների կամ աղավնի ծախողների նման են: Եվ ինչու մեր Վեհափառ Հայրապետը նրանց չի ասում. “տղերք, էս ինչ եք անում”: Չէ որ այդ իրավունքը նա ունի, քանզի. “…եվ Յիսուսը տաճարը մտաւ, սկսեց դուրս հանել տաճարումը ծախողներին եւ առնողներին, և ստակ փոխողների սեղանները, և աղաւնի ծախողների աթոռները կործանեց: Եվ սովորեցնում էր և ասում նորանց. Գրուած չէ, թե իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, … իսկ դուք աւազակների բոյն արիք դորան:” Մարկոս11:15,17. Սակայն Աստված իրենց հետ: Դառնանք մեզ, շարքային մահկանացուներիս:

Եթե ուսուցիչը մտնում է դասարան ու աշխատավարձի սակավության կամ այլևայլ պատճառաբանություններով երեխաներին տալու բան ունենալով հանդերձ, գլուխ է պահում, դասախոսն, ով փող է վերցնում ուսանողից, ոչ թե բան սովորեցնելու այլ հակառակը`չսովորեցնելու համար, բժիշկն, ով խեղճ ու կրակ մի հիվանդ պառավի նայելն ու մի դեղ գրելն անգամ չուզելով ու դժկամությամբ է անում, տաքսու վարորդը, քաղաքապետարանի աշխատողը, ոստիկանն ու քաղաքական գործիչը, հողի մշակն ու արդարադատության պաշտոնյան, պետական կառավարիչն ու շաուրմա փաթաթողը, մտավորականն ու…մենք բոլորս, ովքեր վարձով կամ առանց վարձատրության, այս օրհասական ժամին ազգի համար կարող ենք ինչ որ բան անել ու չենք անում, ապա մեզ ինչ ասենք: Մենք, որ քրիստոնեական արժեքներից ու կենսակերպից ենք անվերջ խոսում, չփորձելով անգամ այդ արժեքներով ապրել, մենք Հավատք ունենք արդյոք, թե մենք էլ “նրանց” նման սուտ մոմ վառողներ ու ձևական աղոթք ասողներ ենք… Յուրաքանչյուրս պիտի անկեղծ լինենք ինքներս մեր հետ ու խորհենք այս մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել