NEWS.am STYLE-ը հոգեբան Անի Առուստամյանին հարցրել է, թե ի՞նչ պետք է ձեռնարկի կինը, ում ամուսինը դավաճանել է:

«Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, հազվադեպ երեւույթ չէ, երբ ամուսինը դավաճանում է, իսկ կինը շարունակ հանդուրժում է նրա անհավատարմությունը: Սա ամենից ծանր փորձություններից է, որ բաժին է ընկնում կանանց: Նման իրավիճակում կինը պետք է իրեն ճիշտ դրսեւորելու ուժ գտնի եւ զայրույթով, մեղադրանքներով ու կշտամբանքներով չնետվի դեպի անհավատարիմ ամուսինը: Ներկայացված մեղադրանքին տղամարդկանց մեծամասնությունը պատասխանում է «Ես այդպես չէի անի, եթե դու քեզ այլ կերպ պահեիր, ձանձրացրել ես ինձ» եւ այլն: Փոխադարձ մեղադրանքներով մարդիկ սպանում են իրենց սերը: Ստացվում է, որ չարության եւ վիրավորանքի կծիկը մեծանում է, ինչն ի վերջո հետագա համատեղ կյանքն անտանելի է դարձնում:

Ահա ինչն է կարեւոր. տղամարդը պետք է իր մեջ ներողություն խնդրելու ուժ գտնի, իսկ կինը կարողանա մեծահոգաբար ներել: Այդ դեպքում մարդիկ ավելի ամուր են միավորվում եւ իրենց կյանքը շարունակում են զբացողությամբ, որ հարկավոր է անսահմանորեն արժեւորել հարաբերությունները: Այստեղ կարեւորը գաղթակղության ծանր պահին դիմացինին հասկանալու ունակությունն է: Դատապարտելու փոխարեն ավելի լավ է ամուսնուն ընկերական աջակցություն ցուցաբերել:

Սակայն եթե կինը դավաճանության փաստ է հայտնաբերել, պետք է ինտիմ հարաբերությունների ժամանակավոր դադարեցման հարց բարձրացնի, որպեսզի սիրուհու հետ նույն հարթության վրա չկանգնի: Կինն առաջին հերթին կյանքի ընկեր եւ օգնական է, եւ ոչ թե միայն տնային տնտեսուհի: Սահմանափակելով ինտիմ հարաբերությունները՝ կինն ամուսնուն ցույց է տալիս, որ իրենց միջեւ անքակտելի հոգեւոր կապ կա:

Փորձը ցույց է տալիս, որ կնոջ նման իմաստուն եւ մեծահոգի արարքը տղամարդուն ստիպում է մտածել: Նա սկսում է կնոջը գնահատել որպես ընկերուհու, սիրելի մեկի, ով դժվար պահին իրեն չվանեց, եւ որպես իր երեխաների մոր: Այդ դեպքում կինը շահում է ոչ միայն տվյալ իրավիճակում, այլեւ հետագայում: Տղամարդը, ով տեսնում է, թե ինչպիսի հասկացող է իր կինը, իհարկե, չի ձգտի նրանից հեռանալ»:

NEWS.am STYLE

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել