Aysor.am-ը գրում է.
Aysor.am-ը զրուցել է Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանի հետ՝ ոլորտին առնչվող խնդիրների, բացերի և հիմնադրամի գործունեության մասին:
- Ինչո՞վ է զբաղվում Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության բաժինը, եթե արդեն իսկ գործում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն: Արդյոք այդ կառույցների գործառույթները չեն կրկնում իրար:
- Կոմիտեի հիմնական գործառույթները և նպատակը զբոսաշրջության քաղաքականության մշակումն է, այսինքն՝ կոմիտեն ուսումնասիրում է ոլորտը բոլոր տեսանկյուններից, վերլուծություն է կատարում խոցելի տեղերի, պակասությունների և առավելություննների մասին, ուսումնասիրում է թիրախային շուկաները, համաշխարհային շուկայի ուսումնասիություն է կատարում: Դրանից հետո այդ տվյալների հիման վրա մշակում է ռազմավարությունը, թե ինչ պետք է անել, որպեսզի մենք մեր երկիրը դիրքավորենք միջազգային շուկայում որպես զբոսաշրջային ընկերություն: Իսկ այն ծրագրերը, որոնք մշակում է կոմիտեն, դրանց իրականցանումը վերապահված է արդեն մեզ՝ զարգացման հիմնադրամին: Մենք մաքուր իմպլեմենտացիոն գործիք ենք: Եվ բոլոր մշակված տարեկան ծրագրերը, որոնք կոմիտեն մշակել և հաստատել է, մենք զբաղվում ենք դրա իրականացմամբ: Բացի այդ, նպատակ ունենք մեր բաժնում ուժեղացնելու մարկեթինգը և թվային տիրույթում մեր երկրի մասին տեղեկատվությունը հստակեցնելու, դիրքավորելու և ճշգրտելու, և, առհասարակ, այն ամենը, ինչը կապված է մեր երկրի գրավչությունը բարձրացնելու. դրանով պետք է դարձյալ զբաղվի Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության բաժինը:
- Այսինքն՝ Ձեր հիմնադրամը առավելապես զբաղվում է պրակտիկ մասո՞վ, քան տեսական ուսումնասիրություններո՞վ:
- Այո՛-այո՛: Թեպետ չեմ կարող ասել, որ մենք նման հետազոտություններ չենք անելու, որովհետև, ամեն դեպքում, եթե մենք ուզում ենք որևէ ծրագիր լավ իրականացնել, սա արդեն նշանակում է, որ մենք էլ պետք է հետազոտենք: Բայց հիմնականում մենք իրականացնող գործիքն ենք և շատ սերտ համագործակցում ենք Պետական կոմիտեի հետ: Գիտեք, եթե ոլորտում լինի մի քանի գլուխ, աշխատանքները դժվար առաջ կգնան: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ կա լիազոր մարմին՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն, և այն պետք է հիմնական գլոբալ քաղաքականության հիմնական մշակողը լինի, պետք է զբոսաշրջային վեկտորները որոշողը լինի: Պետք է լինի մի օղակ, որտեղ համադրվում են բոլոր տվյալները և համակարգում է ցաքուցրիվ աշխատանքը, որը կա: Հասարակ մի բան՝ մենք բազմաթիվ փառատոններ ունենք, որոնղ ղեկավարները չգիտեն մեկը մյուսի մասին կամ միևնույն օրը դրվում է մի քանի փառատոնների մեկնարկ. տեղեկատվության պակասի խնդիր կա:



