Հետաքրքիր է՝ արդյոք մեր կյանքն ավելի հանգիստ և պակաս նյարդային ու հոգսաշատ կլիներ, եթե չլինեին ժամանակակից տեխնոլոգիաները: Ամենայն հավանականությամբ՝ այո, սակայն դժվար թե ավելի հարմարավետ լիներ: Իսկ հիմա պատկերացրեք, որ մեր մոլորակում 21-րդ դարում գոյություն ունեն ցեղեր, որոնք ապրում են առանց այդ տեխնոլոգիաների:

Յարավա
Այս ցեղն ապրում է Հնդկական օվկիանոսի Անդամանյան կղզիներում: Ըստ ուսումնասիրությունների՝ ցեղի տարիքը 50-55 հազար տարի է: Նրանք այստեղ են գաղթել Աֆրիկայից և այժմ կազմում են ընդամենը 400 մարդ: Յարավաները ապրում են 50 հոգուց բաղկացած քոչվորական խմբերով, որս են անում նետ ու աղեղներով, ձուկ են բռնում, մրգեր ու մեղր են հավաքում: 1990-ական թվականներին հնդկական կառավարությունը առաջարկեց նրանց առավել հարմարավետ կենսական պայմաններ, սակայն Յարավաները հրաժարվեցին:
Յանոմամի
Յանոմամիները իրենց հնագույն կենսակերպն են վարում Բրազիլիայի և Վենեսուելայի սահմանների միջև. 22 հազար մարդ ապրում է բրազիլական կողմում, 16 հազարը՝ վենեսուելական: Նրանցից մի քանիսը հմտացել են մետաղաձուլության և կարուձևի մեջ, սակայն մնացածը նախընտրում են չառնչվել արտաքին աշխարհի հետ, ինչը սպառնում է խափանել նրանց դարավոր հանգիստ կյանքը: Նրանք հրաշալի հեքիմներ են և անգամ կարողանում են ձուկ բռնել բուսական թույների միջոցով:
Նոմոլե
Այս ցեղի շուրջ 600-800 ներկայացուցիչներ ապրում են Պերուի արևադարձային անտառներում, և միայն 2015 թվականից ի վեր են նրանք սկսել են հայտնվել և զգուշորեն հարաբերվել քաղաքակրթության հետ, սակայն դա ոչ միշտ է նրանց մոտ ստացվում: Նրանք իրենց անվանում են «նոմոլե», որը նշանակում է՝ «եղբայրներ և քույրեր»: Նոմոլեների մոտ բացակայում են չար և բարի հասկացողությունները. եթե նրանք ինչ-որ բան ցանկանում են, ապա առանց անգամ վարանելու սպանում են հակառակորդին, որպեսզի տիրանան իրենց անհրաժեշտ ապրանքներին:
Հուաորանի, Տագաերի և Տարոմենանե
Այս երեք ցեղերը բնակվում են Էկվադորում: Հուաորանիներն ապրում էին նավթով հարուստ մի տարածքում, այդ պատճառով էլ 1950-ականներին նրանց մեծամասնությունը ստիպված եղավ տեղափոխվել: Իսկ ահա Տագաերիները և Տարոմենանեները 1970-ականներին առանձնացան Հուաորանիներից և տեղափոխվեցին արևադարձային անտառներ՝ սովորական քոչվորական կյանքը շարունակելու: Այս ցեղերի ներկայացուցիչները բավականին ոչ մարդամոտ են և վրիժառու, այդ պատճառով նրանց հետ հարաբերություն հաստատելն այնքան էլ հաճելի չէ:
Կավահիվա
Բրազիլական այս ցեղի անդամները քոչվորներ են: Նրանք չեն սիրում շփվել մարդկանց հետ և ապրում են որսորդության, ձկնորսության և երբեմն էլ հողագործության միջոցով: Սակայն Կավահիվաներից շատերը մահացել են քաղաքակրթության հետ շփման արդյունքում՝ մարդկանցից կարմրուկով վարակվելուց: Միջին տվյալներով՝ հիմա նրանցից մնացել են միայն 25-50-ը:



