Ուսումնասիրելով համաշխարհային գրականության մեծագույն գործերը և հիանալով դրանցով՝ միաժամանակ հարց է ծագում. ինչպիսի մշակույթ և, մասնավորապես, գրականություն ունի Թուրքիան: Մշակութային հարաբերությունների գրեթե իսպառ բացակայությունը երկու երկրների միջև հնարավորություն չի տալիս երկու ազգերին ճանաչել իրար, հասկանալ միմյանց աշխարհահայացքը՝ էլ ավելի վանելով նրանց իրարից:
Այդ իսկ պատճառով սկսում ենք շարք՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության գրականությանը և մշակութային կյանքին: Առաջինը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թուրք նշանավոր գրող Սաբահաթթին Ալիի «Պատը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը:
Երկար ժամանակ ծովի ափին գտնվող, պարիսպներով շրջապատված մի բանտում մնացի: Հաստ պատերին զարկվող ալիքների ձայնը քարե սենյակներ էր սողոսկում ու հեռու, երկար ճանապարհորդությունների կանչում: Փրփրոտ ջրերից վեր բարձրանալով՝ ճայերը երկաթե ճաղավանդակներին զարմանքով նայում ու միանգամից հեռանում էին:
Բանտարկյալի համար աշխարհի հետ ոչ մի հարաբերություն չունեցող մի բանտում փակված մնալն ամենամեծ լավությունն էր համարվում: Նա գիտեր, որ այն շատ էր հարվածում իրեն, գիտեր, որ ազատությանն այնքան մոտ էր գտնվում, որ թվում էր՝ ձեռքը կմեկներ ու կբռներ այն, բայց և միաժամանակ գիտեր, թե որքան էր այն իրենից հեռու: Տասը ոտնաչափ տարածության մեջ ամենամեծ ազատություններն իր մեջ պարփակող ծովին լսելը և հետո ամրոցի հաստ պատերին աչքերը սևեռելով՝ միայն երևակայությամբ նայելը քի՞չ ցավ է: Այգում մարդու ոտքի տակն ընկած հացի փշրանքները հավաքող ու այս պարիսպները հաղթահարելով աջուձախ անող թռչուններին նայելով փոքրանալը և ոչ մի բանով ազատություն չհիշեցնող այս վայրում փակված մնալը լա՞վ է: Բանտում մնալն ամեն ինչի, յուրաքանչյուր հնչյունի՝ իրենց հետ ազատության շունչը բերող ու միանգամից տանող իմ ցավն է: Պարիսպներից վեր բարձրացող փոքրիկ ծառերը, մամռակալած քարերի տակից դուրս եկած, մարդկային ձեռք չտեսած այդ դեփ-դեղին ծաղիկներն այդ բոլոր ցավերը լցնում էին իմ մեջ:Միայն այդ անսահման, անհուն երկնքում կարապի նման սահող փոքրիկ ամպերն էին, որ ինձ մխիթարում էին, օգնում էին մոռանալ:
Եվ այստեղի բոլոր զրույցների թեման դուրսն էր, դրսի աշխարհը. կարծես ոչ ոք այստեղ ոտք դնելուց հետո չի ապրում, ու հիշողությունն այստեղ անցկացրած տարիները ջնջում, մոռանում է: Այստեղի կյանքից այնքան խոսվեց, որ լսողի մոտ այն լռեցնելու ցանկություն առաջացավ:
Մի օր մի ալեհեր բանտարկյալ իր՝ բանտում անցկացրած առաջին տարիներից ինձ մի դեպք պատմեց: Գուցե և պատմում էր ձանձրույթից ազատվելու և իր միջից այդ ամենը դուրս հանելու համար: Դա մի պատմություն էր փախուստի մասին, որ այդպես էլ կիսատ էր մնացել…
Բանտը չորս կողմից հաստ և միմյանց դեմ հանդիման կանգնած պատերով էր շրջապատված: Մի ժամանակ այստեղ քաղաքի միջնաբերդի տիրակալի և հիմա գունատ, բեղ-մորուսի մեջ կորած ու աշխարհից կտրված խեղճ մարդկանց զբոսավայր դարձած այս այգում դարեր առաջ երիտասարդ ստրկուհիներ, երևի դարձյալ ազատության կարոտով տոգորված աչքերը վեր հառելով՝ զբոսնում էին: Այս հաստ պատերը կառուցված էին նրանց և՛ օտար աչքերից, և՛ թշնամուց պաշտպանելու համար:
Հարավային անկյունում հիմա տեղ-տեղ փլուզված ու անուշադրության մատնված պատի վերևի մամռակալած քարերը սկսել էին թափվել: Խոսում էին, թե այդտեղ մենախցեր էին կառուցելու:
Մի օր ալեհեր ընկերոջս հետ այդ պատի քանդվելուն, տեղ-տեղ թափվող ծեփոններին էինք նայում: Մոտ ութ մետր լայնություն ունեցող պատի քանդվելը բավականին երկար էր տևում, և այս կողմ գալու թույլտվություն ունեցող հին բանտարկյալները երկար տարիներ չորս պատի մեջ անցկացնելուց հետո այգու այս գեղեցիկ տեսարանին առավոտից իրիկուն մեծ բավականությամբ նայում էին:
- Մի օր այստեղից փախչելու էինք, – լսվեց ալեհեր բանտարկյալի ձայնը:
Հետաքրքրությամբ դեմքին նայեցի: Նա ուղիղ այգու վերջում գտնվող սերկևիլի չորացած ծառն էր քայլում: Կողք կողքի նստեցինք, աչքերը մաս-մաս քանդվող պատից հեռացնելով՝ սկսեց պատմել.
Ինը տարի առաջ նոր էի բանտ ընկել, այս պատերի տակ փայտաշեն խանութներ կային: Որոշ բանտարկյալներ այնտեղ ատաղձագործությամբ, փորագրությամբ և ոսկերչությամբ էին զբաղվում և պատրաստած իրերը դրսի վաճառականներին տալով՝ նավահանգիստ եկող շոգենավերում վաճառում: Ես էլ ընկերոջս հետ տնից հինգ-տասը ղուրուշ բերել տվեցինք ու այսօրվա քանդված պատի առջևում գտնվող մի խանութում սկսեցինք աշխատել: Խելոք, հանգիստ կալանավորի համբավ ունեինք, դրա պատճառով էլ բանտապետը մեզ բարի աչքով էր նայում: Մենք էլ, մեր կանանցից երեք-հինգ ղուրուշ ուզելով, նրան տվեցինք: Սակայն ո՛չ այս գործը, ո՛չ էլ եկամուտը չէին կարող մեզ ստիպել մոռանալ դրսի աշխարհը: Պատկերացրու՛: Երկուսս էլ քսանմեկ տարեկան էինք, մի մարմնավաճառ կնոջ պատճառով պատմության մեջ էինք ընկել ու այստեղ մի քանի օր անցկացնելուց հետո խելքներս գլուխներս չէինք հավաքել: Սակայն պատիժներս տասնհինգ տարի կրելուց հետո հոգնեցինք այս ամեն ինչից: Բայց թե ի՜նչ կարող ես անել: Շուրջբոլորը՝պատ: Գոնե ներում ստանայինք, իրենց պատիժը մինչև վերջ կրող քանի՞ հոգի կա. այսպես ասելով աշխատում էինք ցրվել:
Մի օր խանութի անկյունում սոսինձ էինք եռացնում: Թասի տակ դրված փայտը հանկարծ պատին հարվածեց: Մի քար օրորվելով դուրս եկավ: Միանգամից այդ կողմ եկա: Մի քանի ծեփոն թափվելուց հետո հսկայական մի հացի սկուտեղի չափ մի քար ընկավ: Կռանալով՝ ներսը նայեցի: Աչքերիս չէի հավատում. հեռվից, շատ հեռվից մի աղոտ լույս էի առկայծում: Միանգամից ընկերոջս կանչեցի: Նա էլ պառկելով սկսեց նայել: հետո ինձ դարձավ.
- Այս անցքից, ինչքան էլ դժվար լինի, միևնույն է, կփախչենք:
- Կմտածենք,- ինքս ինձ շշնջացի. չէի ուզում շտապել:
Մի քանի օր գործ չարեցինք: Մտամոլոր մեկ դրսում, մեկ ներսում քայլում էինք:
Մի քանի գիշեր, եթե շատ գործ էր լինում, բանտապահին հինգ-տասը ղուրուշ տալով՝ կարողանում էինք խանութում մնալ: Ինքն էլ ձևացնում էր, թե մենք բանտախցում էինք: Այդ երեկո, երբ զանգը տալուն պես բոլորը բանտախուց էին մտնում, արաբ բանտապահի ձեռքը քսանհինգ ղուրուշի հետ մի քիչ հաշիշ խցկեցինք: Նա էլ թե՝ «բանտից բանկիր դարձած եք դուրս գալու» մտերմաբար ասելով՝ գնաց: Մինչև գիշեր ժամանակներս մի կերպ անցկացրինք:
Մթնշաղից հետո լամպն անկյուն տանելով՝ քարը հանեցի տեղից, ընկերս էլ պատուհանից բանտապահին էր հետևում: Ընդհանրապես, անաստված արաբը, թմրախոտն ընդունելով, մի անկյունում քնում էր, բայց այս անգամ հակառակի պես դեռ շրջում էր:
Մաքրեցի փոսը: Աչքս մյուս կողմն էր: Լուսնի լույսի փոխարեն հիմա այնտեղ կանաչ լույս էր թրթռում: Մի քիչ էլ սողալով առաջ գնացի: Մեջքս դիպչում էր քարերին, պարանոցիս ծեփոններ էին թափվում: Երկու մարդու հասակի չափ գնացել էի, երբ հանկարծ զգացի, որ արդեն ազատ եմ զգում ինձ: Շուրջբոլորը, առաստաղը շոշափելով՝ հասկացա, որ գտնվում եմ մի ընդարձակ վայրում ու նորից խարխափելով՝ առաջ գնացի:
Այդ վայրը երեք քայլ լայնություն և բարձրություն ուներ: Գլուխս կախելով՝ կարող էի կանգնել: Պատին հենվեցի ու սկսեցի շնչել: Սողալուց շատ էի հոգնել: Քիչ անց խանութի կողմից աղմուկ լսվեց, և փոսը մթնեց: Սկզբում բարկացա, հետո տեսա, որ ընկերս իմ կողմն է գալիս: Սկսեց շշուկով խոսել, կարծես մեզ մյուս կողմից կարող էին լսել:
- Արաբը քնա՞ծ է արդյոք,- հարցրի:
Փորձելով առաջ շարժվել՝ պատասխանեց.
- Պետք է, որ քնած լինի: Կես ժամից ավելի է, չէր քայլում:
Նա ինձնից դժվար էր սողում: Վերջապես հասնելով կանգնածս տեղը՝ միանգամից հարցրեց.
- Այս ի՞նչ վայր է:
Հետո ձեռքերով պատը շոշափելով՝ ինքն իրեն ասաց.
- Օհոո, ինչ էլ մեծ տարիք ունի:
Ձեռքով նրան փնտրեցի: Մատներս կաշվե մի պայուսակի դիպան: Այդ ժամանակ, ինչ խոսք, հասկացա, թե ինչու էր այդքան դժվար առաջ սողում: Ցերեկն այդ պայուսակը գտել ու արագությամբ մեզ անհրաժեշտ բաները լցնելով դրա մեջ՝ թաքցրել էինք: Ով գիտի, մեկ-երկու օր չէինք կարողանալու մարդու երես տեսնել…
Ես մոռացել էի, բայց տես, որ ընկերս չէր մոռացել ու բերել էր: Մի քիչ հանգստանալուց հետո, թե՝ «Արի անենք դա»: Այս անգամ նա սկսեց առջևից գնալ: Ես էլ պատրաստվեցի հետևել նրան: Հանկարծ կանգ առավ.
- Չենք կարող անցնել այստեղից:
Անցքի ծայրին էինք մոտենում: Քանի որ դրսում՝ աշտարակի վերևում անցուդարձ անող ժամապահից էր վախենում, ցածր էինք խոսում: Ճանապարհը նեղացավ: Ես կանգնեցի, նա էլ հետ-հետ սողալով՝ եկավ:
-Անցքը միանգամից նեղացավ: Մի քար կա, պետք է թուլացնել: Դրանից հետո կշարունակենք,-ասաց:
Այդ ճնշող ճանապարհն անցնելով՝ խանութ վերադարձա: Այգին մի լավ զննեցի: Ոչ ոտնաձայն էր լսվում, ոչ էլ արաբի հազի ձայնը: Լամպը մի քիչ վառեցի: Մի քանի գործիք ու մուրճ վերցնելով՝ վերադարձա:
Դրանից հետո հերթով անցքը մտնելով՝ սկսեցինք աշխատել: Որպեսզի աղմուկ չբարձրացնեինք, մուրճ չէինք օգտագործում, փորձում էինք կողքի ծեփոնները թափելով քարը խաղացնել: Մեզ դուրս հանող անցքն առաջ չէր շարժվում. ա՜խ, եթե այս քարն ընկնեեր…
Աչքերս մթությանը սովոր էին, դրա համար էլ կարողանում էի տեսնել: Դիմացիս մյուս պատի քարերին հասա: Դրանք խարխուլ էին և դրանց միջով անցնելը հեշտ կլիներ: Գյուղաքաղաքի ջահելները, գառներին վերցնելով, այստեղ էին բերում: Այս դեպքից հետո բոլորը վերանորոգվեցին:
Այսպես ամեն մեկս երեք-չորս անգամ մտանք, դուրս եկանք: Վերջինը ես մտա: Կես ժամ աշխատելուց հետո քարը ծեփոններով առաջս գլորվեց: Վայրկյանական ուրախությունս հուսահատության փոխվեց: Հետևում ընկերս, աղմուկը լսելով, անհանգստացել էր: Ձեռքերով ամուր գրկելով քարը՝ հետ տարա: Հրելով դեպի եզրը՝ ուղիղ անցքը նետեցի:
Սակայն այս գործով զբաղված լինելով՝ չէի նկատել, որ դրսում լուսացել է արդեն:
Գլուխս դանդաղ բարձրացրի ու հիսուն քայլ հեռավորության վրա աշտարակում հերթապահ բանտապահի ստվերը տեսա:
Ամբողջ աշխատանքս ջուրը լցվեց: Ցավով վերադարձա. ափսոս, չենք կարող դուրս պրծնել:
Ընկերս սկզբում լուրջ չընդունեց ասածներս, ու ինքը մտավ: Սակայն մի քիչ հետո ինքն էլ եկավ: Դեմ դիմաց կանգնեցինք ու իրար նայեցինք:
-Այս երեկոն անցավ, ուրիշ մի օր գուցե, աստված տա,-ասացի:
Սակայն երբ այսքան մոտեցել ես և գլուխդ բարձրացնելով՝ ազատությունդ աչքերովդ տեսել ես, հետ վերադառնալը չափազանց դժվար է: Ընկերս գլուխը տարուբերեց.
- Այս գիշերվա նմանը չկա՛, այսօր ենք գնալու:
- Լավ, այսօր կգնանք:
Ես էլ վերադառնալու ցանկություն չունեի, բայց սրա անհրաժեշտ լինելը նրան ասելիս նրան չէ, ինձ էի խաբում: Վերջիվերջո, խոսքերիս հավատացած և ինքս ինձ այնքան վախեցրի, որ.
- Դու ուզում ես՝ գնա, ես կմնամ, բանտի տանջաթոռին մեռնել չեմ ուզում,- գոռացի և սկսեցի ուղիղ խանութ սողալ:
Հետևիցս գոռաց.
- Մի՛ գնա: Բանտապահի աչքով կընկնես, թող լուսավորվի ամբողջովին, խոտերի մեջ թաքնվելով կգնանք:
Սակայն իմ սիրտը մի կույր վախով, մի ահով այնպես սկսեց խփել, որ ոտքից գլուխ դողալով՝ հազիվ ինձ խանութ գցեցի ու քարը հին տեղում դնելով՝ սկսեցի լուսանալուն ու բանտախցերի բացվելուն սպասել:
Այդ օրը, սակայն, մի դեպք պատահեց: Բանտապահները, ժամապահները խանութ լցվեցին: Ես կես վախից, կես զարմանքից սառեցի, մնացի: Քարը գտան, հանեցին, անցքը բացահայտվեց: Ներքև նայելով՝ անցքն այս անգամ աչքիս հսկայական երևաց: Ճանապարհը դատարկ էր… Մի ժամապահ, մաուզերը երկարելով երկու կրակոց արձակեց: Լսվեց, որ գնդակները դիմացի պատերին կպան: Միանգամից բոլոր խանութները դատարկվեցին: Պատերը զննվեցին, ընկերոջս փախած անցքը երկու կողմից փակվեց, և դեռ հրաման արձակվեց, որ արգելվում է այլևս խանութ բացել:
Ես շատ էի կոտրվել: Փախած չլինելուս շնորհիվ բանտապետը, հերթափոխի պետը, նույնիսկ դատախազը ցավում էին ինձ համար: Սակայն երանի սպանած լինեին նրան…
Ալեհեր բանտարկյալը մի պահ լռեց: Կիսափակ աչքերը կարծես մի ուրվականի էին հետապնդում: Գլուխը թեքելով ու կարծես ինչ-որ մեկի հետ կռվելով՝ կտրուկ.
- Ահհ… ի՜նչ հիմարություն արեցի: Ի՜նչ հիմարություն արեցի: Մի բանտախուցը տասնհինգ տարուց լա՞վ է: Մի վախի պատճառով երիտասարդությունս ձեռքիցս գնաց… Տե՜ս… ո՜վ գիտի՝ հիմա որտեղ է: Այստեղ չի էլ երևացել: Երևի ընդարձակ երկրում իր ծանոթների մեջ տեղավորվել, խելացի, խելոք մարդ է դարձել… հաստատ ընտանիք էլ կունենա: Եթե ուզենայի, ես էլ նրա հետ կարող էի լինել… Սակայն մի վայրկյան տևող վախը… այդ տանջող վախը…
Ծնոտի մկանները պրկվեցին: Կյանքումս այսչափ ինքն իրեն նվաստացնող, ինքն իր վրա այսքան չարացած մարդ չէի տեսել. ամեն օր կրկին ու կրկին հիշելով սարսափելի մի ատելությամբ այս մաղձը շուրթերից դուրս նետելով՝ կարծես թքում էր իր իսկ վախկոտության վրա:
Դիմացը բանվորները պատը մի լավ քանդել էին: Երկուսս էլ այդ կողմ քայլեցինք: Հանկարծ մի ամբողջ շարք քարեր աղմուկով ցած թափվեցին: Բանվորները հետ ցատկեցին: Կողքինս, փորձելով ժպտալ, ասաց.
- Այն իմ ասած դատարկությանը հասան երևի, պատի միջին հատվածում գտնվող դատարկությանը… ես այդ ժամանակներից ի վեր շատ եմ մտածել, բայց դրա այդպես կառուցելու իմաստն այդպես էլ չեմ կարողացել հասկանալ… ո՜վ գիտի… հին ժամանակներում այստեղ՝ պատի ներսում, երևի ուղիներ, դռներ են եղել:
Բանվորներն այս անգամ քարերի թափված տեղին մոտեցան, սկսեցին նայել: Մի քանի քար էլ ձեռքերով հանելուց հետո հանկարծ սարսափած ուղղվեցին…
Շուրջբոլորը հավաքվածները, այդ թվում՝ մենք, այդ կողմ քայլեցինք, արդեն մի մետրի չափ քանդված պատի անցքին մոտեցանք: Բոլորը լուռ ներքև էին նայում: Մենք էլ ձգվեցինք և նայեցինք…
Զգացի, որ ձեռքս ինչ-որ բանի կպավ, ու սկսեցի դողալ…
Այնտեղ հազարավոր տարիներ ի վեր արևի երես չտեսած խոնավ քարերի տակ ճերմակած մի կմախք էր պառկել:
Միմյանցից անջատված ոսկորների կողքին մի հին պայտ, գլխի մոտ էլ մի կաշվե պայուսակ կար:
Գլուխս բարձրացնելով՝ կողքինիս նայեցի: Նա դեռ ձեռքս բռնել և ջղաձգված շարունակում էր առաջ նայել…
Դեմքը գունատ էր… աչքիս առաջ մահից փրկվածի՝ կյանքի հետ զարմանալի գրկախառնություն էր…
Թարգմանությունը՝ Մելինե Հայրապետյանի
Աղբյուրը՝ այստեղ