Սնունդն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների և հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար: Սննդամթերքի սննդային, կենսաբանական, էներգիական արժեքները, ինչպես նաև համային հատկությունները պայմանավորված են հիմնական բաղադրամասերի՝ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային նյութերի և համ ու հոտ տվող այլ նյութերի (օրգանական թթուներ, աղանյութեր, եթերայուղեր, սպիրտներ) պարունակությամբ:
Սպիտակուցը ծանոթ է սովորական հավի ձվից: Պանիրն ու կաթնաշոռը նույնպես գրեթե զուտ սպիտակուցներ են: Սպիտակուցով առատ են միսն ու ձուկը:
Ճարպերը լինում են կենդանական (կարագ, խոզի ճարպ, տավարի ճարպ) և բուսական (ձեթեր) ծագման:
Ածխաջրեր են օսլան ու շաքարները: Շատ ածխաջրեր կան զանազան շիլաների, հացի, կարտոֆիլի, մրգերի, հատապտուղների, բանջարեղենի մեջ: Օրգանիզմում ճեղքվելով (օքսիդանալով)` ճարպերն ու ածխաջրերը փոխարկվում են ածխաթթվական գազի ու ջրի: Այդ ընթացքում անջատվում է մեր օրգանների և մկանների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա, ընդ որում՝ ճարպերի օքսիդացումից անջատվում է 2 անգամ ավելի շատ էներգիա, քան նույն քանակությամբ ածխաջրերից: Որքան շատ են աշխատում օրգաններն ու մկանները, այնքան շատ ճարպեր և հատկապես ածխաջրեր են մեզ անհրաժեշտ:
Հանքային նյութեր կան բոլոր օրգաններում, հյուսվածքներում ու հեղուկներում: Մարմնի ոչ մի օրգան ու բջիջ չի կարող գոյություն ունենալ առանց նատրիումի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային նյութերի:
Վիտամիններ պարունակում են բանջարեղենը, մրգերը, կաթը, միսն ու այլ մթերքներ: Նրանք ապահովում են օրգանիզմի բջիջների բնականոն աշխատանքը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=139649069543660&set=a.135631156612118.1073741828.135620303279870&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել