Նավթի գների անկումը շարունակում է պահպանել իր բացասական ազդեցությունը նավթամթերքի արդյունահանման ուղղությամբ մասնագիտացված երկրների տնտեսությունների վրա: Այդ երկրների ցանկում է նաև Ադրբեջանը, որը 2016թ-ի վերջից սկսած խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել: Անցյալ տարի նույնիսկ մանաթի կտրուկ արժեզրկումն այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ բանկերը հրաժարվում էին դոլար վաճառել: Արժութային անկայունությունից Ադրբեջանը դեռևս դուրս չի եկել: Ադրբեջանի բնակչության անվստահությունը սեփական վալյուտայի նկատմամբ հանգեցրել է նրան, որ մարդիկ խուսափում են սեփական արժույթով ավանդներ ունենալուց, Ադրբեջանի ԿԲ-ի տվյալների համաձայն՝ ավանդների 80 տոկոսը օտարերկրյա արժույթով են:
Նման իրավիճակը Ադրբեջանի համար աննախադեպ է, քանի որ Ադրբեջանը ռեկորդային աճ է ունեցել 2006-2013թթ.: Իլհամ Ալիևը ևս Դավոսում ունեցած իր ելույթում խոստովանել է, որ այդ տարիներին Ադրբեջանի ունեցած ռեկորդային աճից հետո կտրուկ ռեցեսիան անսպասելի էր Ադրբեջանի համար:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ պատահական չպետք է համարել, որ Ադրբեջանը տնտեսական ցուցանիշները ներկայացնում է ազգային արժույթով, սակայն զուգահեռաբար չի ներկայացնում ցուցանիշները դոլարային արտահայտությամբ տնտեսության իրական վիճակը թաքցնելու համար: Միջազգային վարկանիշային գործակալությունները կանխատեսում են, որ այս տարի ճգնաժամային միտումները ադրբեջանական տնտեսության մեջ շարունակվելու են: S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի վարկային վարկանիշի մասով բացասական գնահատական է տվել: Ավելին՝ գործակալությունը Ադրբեջանի տնտեսության համար կանխատեսում է զրոյական աճ: Ընդհանուր առմամբ Ադրբեջանում սպասվում է գործազրկության և պետական պարտքի աճ, որի ծավալները հասնելու են ՀՆԱ-ի 40 տոկոսին:
Այսպիսի ռեցեսիոն պայմաններում հայտնված երկրի ղեկավարությունը փորձում է հանրության ուշադրությունը շեղել տնտեսական խնդիրներից և կանխել դժգոհությունների խորացումը հակամարտ զորքերի շփման գծում սահմանային լարվածությունը սրելով: Սակայն այս մարտավարական քայլը երկարաժամկետ խնդրի լուծում չի կարող հանդիսանալ, մի օր ներսից պայթելու է դժգոհությունների ալիքը:
ՀԳ. Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում նավթի ժամանակաշրջանն ավարտված է: Աշխարհում հիմնական շեշտը դրվում է տնտեսության ինտելեկտուալ ճյուղերի զարգացման վրա, որոնք հանդիսանալու են ապագայի տնտեսական զարգացման գրավականը: Ու այստեղ կարևոր է, որ հենց ինտելեկտուալ ռեսուրսները պետք է դառնան Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարային «նավթը»: