Տնտեսության մեջ այժմ գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար քիչ ջանքեր չեն պահանջվում: Չնայած նրան, որ պետության կողմից իրականացվում են որոշակի քայլեր, այնուամենայնիվ, պետք է ուշադրություն դարձնել նաև տնտեսական բլոկների համաչափ զարգացմանն ու կանոնակարգմանը:
Դրա համար պետությունը փորձում է գնալ առանձին ոլորտների առջև առկա խնդիրների լուծմանն ընդառաջ: Կառավարությունը որոշակի փոփոխություններ է փորձում իրականացնել նաև բնապահպանական ոլորտում: Այստեղ խնդիր կա հատկապես բնապահպանական վճարների մասով: Դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր աղտոտողների համար: Այս ամենի արդյունքում, չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի, ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար:
Կառավարության նիստի ժամանակ խնդրին անդրադարձել է վարչապետը: Հանձնարարվել է բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի ընդհանրացված և տիպային վճարների ներդրման հնարավորությունները։