Մեր երկրի քաղաքական նախընտրական թոհուբոհի մեջ հայկական հեռուստաեթերն այս պահին բավական քաղաքականացված է: Որ ալիքը միացնես, կա՛մ հնդկական է, կա՛մ նախընտրական … Ու անկեղծ ասած՝ շատ դեպքերում գերադասում ես կանգ առնել առաջինի վրա... Սակայն ամեն դեպքում կան մի քանի հաղորդումներ, որոնք արժե դիտել, որովհետև այս հաղորդումների շրջանակներում տեղի է ունենում ռացիոնալ քննարկում: Եվ դա միայն հաղորդավարների հստակ, ճշգրիտ ու պատրաստված հարցադրումների ու զրույցը վարելու հմտության շնորհիվ:

«Երկրի հարցը». Հաղորդումը երկար տարիներ եթերում է, ու միշտ չէ, որ ունեցել է այս հստակ ֆորմատը: Սակայն նոր հաղորդավար Դավիթ Սարգսյանի հետ այն նոր շունչ ստացավ, ու հիմա հաղորդումը դիտելը հետաքրքիր է, որովհետև հաղորդավարը ոչ թե հարցեր է տալիս ու մի կողմ քաշվում, այլ զրուցում է հյուրի հետ:

 

«Ռեվոլյուցիա» հաղորդումը, վստահաբար, կարելի է համարել երկրի թիվ մեկ քաղաքական հարցազրույց-հաղորդումը: Հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի պրոֆեսիոնալիզմի մասին խոսելու կարիք չկա, այն ակնհայտ է, դե իսկ հյուրից ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք նա նկարահանման տաղավար մտնելուց առաջ պլանավորել էր շրջանցել, համաձայնեք, միայն գործի վարպետ լրագրողին է տրված:

 

«Բացարձակ արժեք» հաղորդումը ևս ժանրի երկարակյացներից է: Սակայն Արման Խարազյանի հետ այն լիովին վերափոխվեց ու զուտ հարց ու պատասխանից վերածվեց հրաշալի վերլուծական մի հաղորդման, որտեղ անկեղծանում են բոլորը՝ սկսած քաղաքական գործիչներից, մինչև արվեստագետներ ու շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Արման Խարազյանի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ նա սիրում է լսել իր զրուցակցին, ինչը սովորաբար չեն անում այս ժանրի շատ հաղորդավարներ: Իսկ սա չի կարող հյուրին անկեղծության չդրդել: Պատրաստված, կիրթ, թեման ուսումնասիրած ու ներկայանալի. ահա Արման Խարազյանի ու նրա հաղորդման սիրված լինելու հիմնական պատճառները:

 

«Հետհաշվարկ» հաղորդումը, որ վարում է քաղաքագետ Միհրան Հակոբյանը, տեսակով ու որակով այն եզակիներից է, որը դիտելը ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև ճանաչողական: Վերջերս դիտում էի հաղորդման՝ Արման Սաղաթելյանի մասնակցությամբ թողարկումը, որի ընթացքում հաղորդավար-հյուր խորքային ու բազմակողմ դիսկուսիային կարելի էր անվերջ հետևել:

 

«Օրակարգից դուրս» հաղորդումը Հանրայինի եթերում վարում է լրագրող Ագնեսա Խամոյանը: Անկեղծ ասած՝ սկզբնական շրջանում մի տեսակ շոկային էր Հանրայինի եթերում տեսնել հաղորդում, որտեղ հարցազրույցը շատ ավելի բանավեճի ու լեզվակռվի է նման, ինչպես օրինակ, երբ հյուրը Արթուր Բաղդասարյանն էր, սակայն համեմատելով հեռուստաալիքի նախորդ՝ «սրբագրված ու գրաքննված» հարցազրույցների հետ՝ հասկանում եմ, որ լավ է այսպես, քան ինչ կար նախկինում:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել