Աստված էլ գեշ բեդարից ազատի, երբ ընդդիմությունն սպառվում է այնքան, որ անգամ պոպուլիզմն է դառնում անիմաստ։
Երեկ լուրեր տարածվեցին, թե քրեակատարողական հիմնարկում հացադուլ անող «Հաց բերող» Արթուր Սարգսյանի առողջական վիճակը գնալով վատանում է, ու նա այլևս ի վիճակի չէ մնալ քրեակատարողական հիմնարկում։ Երեկ անգամ երթ է տեղի ունեցել վերջինիս ազատ արձակելու պահանջով։ Այստեղ հատկանշական է մի քանի հանգամանք։ Արթուր Սարգսյանն, իհարկե, լավ կլիներ, որ լիներ ազատության մեջ, քանի որ վերջինս՝ որպես այդպիսին, պետության դեմ ոտնձգություն չի կատարել՝ օգնելով Սասնա ծռերին ու հաց տարել նրանց համար։ Նա ընդամենը ցույց է տվել մարդկային որակներ, որոնց մասին հետագայում թող սերունդներն իրենց կարծիքը հայտնեն։ Այստեղ հարցն այն է, թե ինչպես են հասարակությունը, քաղաքական ուժերը արձագանքում այդ միջադեպին։ Արթուրը նախ ազատ արձակվեց, հետո նորից ձերբակալվեց, որի պատճառն այն է, որ Դատախազության կողմից նրան ուղարկված ծանուցմանը համապատասխան՝ նա պետք է ներկայանար Հատուկ քննչական ծառայություն, քանի որ ազատ արձակվելով՝ քրեական գործը դեռ չէր կարճվել ու ընթացքի մեջ էր։ Արթուրը չի ներկայացել, հետևաբար նրա կալանավորումը օրինական հիմք ունի։
Այստեղ առավել ցավալին այն է, որ որոշ քաղաքական ուժեր այս հողի վրա փորձում են քաղաքական դիվիդենտ շահել ակնհայտ պոպուլիզմի շնորհիվ։ Այսինքն՝ գնալ դատախազության շենքի մոտ սելֆի անել, լայֆ մտնել սոցիալական ցանցերում ու հայտնել, որ իրենք եկել են Արթուրին տեսնելու, փորձելու ինչ-որ բան անել, ի՞նչ է, եթե ոչ պոպուլիզմ։ Սա անթույլատրելի է։ Արթուրը սրանից առաջ էլ էր բանտարկված, ինչո՞ւ այդ ժամանակ պարոն հարգարժան Նիկոլ Փաշինյանը չէր այցելում նրան կամ փորձում բանտից հանել։ Եթե արգումենտն այն է, որ նախկինում նա հացադուլ չէր անում, ապա այդ դեպքում ինչո՞ւ այդ մտահոգությունը չի արտահայտվում ավելի համեստ ու գործնական կերպով, այն է՝ այդքան մեծ հանրային հնչեղություն չհաղորդել այդ հարցին ու փորձել անաղմուկ ինչ-որ կերպ փորձել օգնել նրան։ Արթուր Սարգսյանը բավականին դրական կերպար է, ու մարդկանց մոտ նրա արարքը պոզիտիվ զգացողություններ է առաջանցում։ Սա էլ ահա կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի հարգարժան ընդդիմադիրները փորձեն նրան բանտից ամեն կերպ հանել՝ փորձելով քաղաքական դիվիդենտ շահել։ Ահա և ամբողջ պատմությունը։