Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հայտարարությանը, որով վերջինս կոչ էր անում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախընտրական քարոզչությունը չտեղափոխել Ավստրիա, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն հայտնել է, թե Կուրցի հայտարարությունը դեմ է ժողովրդավարությանը: Նրա համոզմամբ` Ավստրիայի արտգործնախարարի խոսքերը նրա «կողմնակալության և երկակի ստանդարտների ապացույցն է»: «Այս անպատասխանատու և չափն անցնող արտահայտությունները չենք ընդունում»,- ասել է խոսնակը:

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ Էրդողանը կարող է այցելել Ավստրիա կամ ցանկացած այլ եվրոպական երկիր, սակայն «չի կարող Թուրքիայի ընտրական քարոզարշավը տեղափոխել Ավստրիա»: Նրա խոսքով` սահմանադրական հանրաքվեից առաջ Ավստրիայում Էրդողանի մասնակցությունը որևէ միջոցառման կխորացնի անջրպետն այդ երկրում բնակվող թուրքերի միջև ու կվնասի ինտեգրման գործընթացին:

Ավստրիայում բնակվում է շուրջ 360 հազար թուրքական ծագում ունեցող մարդ: Նրանցից 117 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել