Այսօր մի կին էր գնացել Ազատության հրապարակ և արտահայտում էր իր իշխանամետ քաղաքացիական դիրքորոշումը: Քիչ մնաց՝ ընդհարում տեղի ունենար այդ կնոջ ու հրապարակում հավաքվածների միջև: Նմանատիպ մի միջադեպ գրանցվեց նաև երեկ, որին ինքս եմ ականատես եղել: Երբ մեկ այլ կին, ով Ազատության հրապարակում նորից իշխանություններին գովերգող արտահայտություններ էր անում, ենթարկվեց Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներից մեկի` շատ ավելի մեծ ցասումով ու գոռոցով զուգորդված գրոհին: Ոստիկաններին, իհարկե, հաջողվեց կանխել հասունացող տհաճ միջադեպը: Բայց խնդիրն այլ է: Քանի գնում, այսպիսի միջադեպերն ավելի հաճախակի են դառնում` իրենց հետ բերելով անվստահություն միմյանց նկատմամբ, հասարակության տարբեր հատվածների միջև լարվածություն, կշտամբանքներ ու ոչ կոռեկտ արտահայտություններ իրար հասցեի... Դրա հետևանքով Ազատության հրապարակում որպես քաղաքական իրադարձություն մեկնարկած ակցիան վերածվում է լայն զանգվածների կողմից ոչ քաղաքական, անձնական դրսևորման հարթակի: Ազատության հրապարակն արժեզրկվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել