Ինչ է մտածում լրագրողը, երբ հարցնում է, որ ըստ խոսակցությունների՝ ընտրակաշառքներ են բաժանվում, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Եվ ես զարմանում եմ, որ պատասխան հարցը չի հնչում. «Խոսակցություններ կան, որ լրագրողներն այս կամ այն ուժի, այս կամ այն անձի պատվերն են կատարում՝ դրա դիմաց ստանալով վարձատրություն, դա ճի՞շտ է, թե՞ ոչ»:
Իհարկե, ես չեմ բացառում ընտրակաշառքի երևույթը, քավ լիցի… Այն բնորոշ է հետխորհրդային, հետամնաց և, առհասարակ, բոլոր երկրներին՝ կաշառքի տարաբնույթ ձևերով, տեսակներով և եղանակներով… Մի տեղ շատ, մի տեղ քիչ, մի տեղ «նուրբ», մեկ այլ տեղ «գռեհիկ, կոշտ ու կոպիտ»… Եվ, բնականաբար, դատապարտում եմ այդ երևույթը:
Ուղղակի չի կարելի նման ընդհանրական, հիմքից զուրկ, չճշտված, չհիմնավորված, չփաստարկված, բամբասանքների, ասեկոսեների մակարդակի հարցերով փորձել լուրջ և ոչ հերթապահ պատասխաններ ակնկալել:
Այդ է պատճառը, որ լրագրողի հարցից հետո ցանկացած խելքը գլխին ունկնդրող արդեն գիտե, թե ինչ պատասխան է հնչեցնելու տվյալ պաշտոնյան լրագրողի հարցին:
Չնայած պաշտոնյաներից, քաղաքական գործիչ կոչեցյալներից շատերն էլ նման լրագրողներին արժանի «մուզիկանտ են»:
Մի տեսակ ամեն ինչ գավառական, պարզունակ և դեղնագույն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել