Իմ վերջին հարցազրույցը բազում տարակարծությունների տեղիք տվեց, եղան կողմ և դեմ կարծիքներ, եղան անձինք, որոնք չկիսեցին տեսակետներս, ոմանք՝ կիսով չափ, իսկ ոմանք էլ՝ ամբողջովին։ Քանի որ միտքը սահմաններ չունի, ազատ է ամեն մարդ ազատորեն իր կարծիքը հայտնելու՝ պայմանով, որ նույն իրավունքը պիտի տրվի և դիմացինին։ Չլինի այնպես՝ մեկը ազատ հայտնի իր կարծիքը, սակայն արգելի մյուսին ազատորեն իր կարծիքը հայտնելու, ինչպես հաճախ ստացվում է կյանքում... Եվ ահա այդ կարծիքներից մեկի տեսակետին ի պատասխան՝ փորձում եմ իմ ազատ կարծիքս հայտնել.
ՏԵՍԱԿԵՏ
Հայր սուրբ, մեկնաբանությունս էլի պետք է մեջբերումով սկսեմ. «Եթե կյանքի ջրից մի կաթիլ վերցնես, ինչպես մեղուն, ոչ միայն չես ծարավի. այլև առուներ կբխեցնես»: Մեջբերմանս նպատակը վերաբերվում է այն առողջ բանական մարդկանց, որ այսօր լուրջ և փաստարկված նպատակամղվածությամբ ցանկանում են՝ մեր հայրենիքի մեջ թե դեմ ծառացած խնդիրները լուծվեն հօգուտ ազգի և հանրության, որպեսզի դուրս գանք այս լճացած ու երկար ժամանակ ձգվող ճգնաժամից;

ԿԱՐԾԻՔ
Հարգարժան ՀԱՅ բարեկամ, համաձայն եմ Ձեզ հետ, եթե խոսքը վերաբերում է «առողջ բանական մարդկանց, որ այսօր լուրջ և փաստարկված նպատակամղվածությամբ ցանկանում են մեր հայրենիքի մեջ, դեմ ծառացած խնդիրները լուծվեն հօգուտ ազգի և հանրության, որպեսզի դուրս գանք այս լճացած ու երկար ժամանակ ձգվող ճգնաժամից...»: Ինչպես նշել եք, սակայն դրա համար կարիք չկա մեղադրել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Եթե ուշադիր նայել և լսել եք հարցազրույցը, ես որքան էլ փորձում էի հարցը ներկայացնել, որ համազգային խնդիրները լուծվում են ազգի միասնական և ոչ մասնակի որոշմամբ, պարտադրելով պատասխանատուներին կարևորել և պատասխանատվության բարձր գիտակցությամբ մոտենալ բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են ազգի և Երկրի շահերին, կրկնվում էր նույն «կարուսելի ճռռոցը»՝ ինչո՞ւ կաթողիկոսը կանգնած չէ ժողովրդի կողքին պայքարի այս պահին։ Սա նշանակում է՝ մենք ոչ թե ուզում ենք հարց լուծել, այլ մարդկանց տրամադրել ընդդեմ մեր Մայր Եկեղեցու։ Ինձ հիշեցրեք մի պարագա, երբ իտալացի ժողովուրդը, դժգոհ երկրի գործընթացներից, դեմ բողոքելու ժամանակ պահանջեր, որ իր կողքին կանգնած լինի Հռոմի Պապը, ինչ որ հրապարակում կամ փողոցում։ Կամ Ռուսաստանում եղան այդքան ընդվզումներ, դժգոհություններ, ցույցեր, ինչո՞ւ ռուս ժողովուրդը չպահանջեց, որ Ռուսաց Պատրիարքը իջնի փողոց, կանգնի ասենք Գարիկ Կասպարովի կողքին կամ ռուս ժողովրդի կողքին։ Խոսքը սրա մասին է... Ամեն արժեք արժեք է ստանում ըստ արժևորման…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել