Image result for оон флагиՄԱԽՈԽՅԱՆ ՊԵՏՐՈՍ ԱՐԻՍՏԱԿԵՍԻ` նյարդահոգեբույժ, հասարակական - քաղաքական գործիչ, բանասեր
Ծնվել է 1867 թ. Թուրքիայի Տրապիզոն քաղաքում:
Բազմակողմանի զարգացած և Տրապիզոնում հարգված վաճառական Արիստակես Մախոխյանի բազմանդամ ընտանիքում եղել են երկու դուստր և չորս ուստր, որոնք բոլորը ստացել են կրթություն:
Նրանցից երկուսը` Օննիկը և Քրիստափորը զոհվել են 1915 թ. Թուրքիայում իրագործված Հայոց Մեծ Եղեռնի ընթացքում:
Կրտսեր եղբայրը ֆրանսահայ անվանի նկարիչ Վարդան Մախոխյանն է (1869-1937):
Պետրոսը գրվել է նաև Պյեր Մախոխյան, Docteur Pierre Mahokian, Mahokian P.-M. (Dr), ծածկանունը` P. M.:
1882 թ. ավարտել է Տրապիզոնի Պերպերյան դպրոցը (լիկէոնը):
1882 թ. կրտսեր եղբոր` Վարդանի հետ գնացել են Կարին և ուսումը շարունակել տեղի Սանասարյան վարժարանում, որը բացվել էր 1881թ.:
Ուսանել է Ժնևի և Փարիզի համալսարանների բժշկական ֆակուլտետներում:
1893 թ. ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1893 թ. վերադարձել է Թուրքիա և բնակվել Կ. Պոլսի Բերա թաղամասում:
Այնուհետև մի քանի տարի Լոնդոնում մասնագիտացել է ներքին, նյարդային և հոգեկան հիվանդությունների գծով:
Վերադառնալով Կ. Պոլիս շարունակել է աշխատել որպես ուղեղանյարդային հիվանդությունների բժիշկ:
1904 թ. դրությամբ ապրել և աշխատել է Եգիպտոսում:
1904 թ. օգնել է եղբորը` արդեն անվանի նկարիչ Վարդանին Եգիպտոսի Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում կազմակերպելու նրա` շուրջ 150 աշխատանքների ցուցահանդեսները, որոնք մեծ ընդունելություն են գտել հայերի և օտարների կողմից:
1915 թ. Թուրքիայում, և մասնավորապես Տրապիզոնում, տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո Մախոխյանների ընտանիքը տեղափոխվել է Բաթում, որտեղ գտնվում էր նրանց վաճառականական տան մասնաճյուղը:
Հետագայում Պետրոսը տեղափոխվել է Ֆրանսիա և շարունակել աշխատել իր մասնագիտությամբ:
1926 թ. դրությամբ Նիցցայում աշխատել է որպես բժիշկ:
1943 թ. Փարիզում հանդիսավորությամբ նշվել է նրա բժշկական գործունեության 50-ամյա հոբելյանը:
Եղել է լայն մտահորիզոնի տեր անձնավորություն:
Զբաղվել է նաև գրական գործունեությամբ:
Եղել է հայոց պատմության և հայկական հարցի խորագիտակ գիտնական:
Հեղինակ է գերմաներեն, ֆրանսերեն, հայերեն լեզուներով գրած գիտական, դիվանագիտական և բանասիրական աշխատությունների:
Կինը եղել է անգլուհի, որի հետ ծանոթացել և ամուսնացել է Լոնդոնում բնակվելու տարիներին: Երեխա չի ունեցել:
Մահացել է 1944 թ. Փարիզում:
Հավանաբար թաղվել է Նիցցայի գերեզմանատանը, որտեղ թաղված է եղբայրը` նկարիչ Վարդան Մախոխյանը:

1919 թ. հունվարի 9-ին լույս տեսած «Eclaireur» հանդեսում ոմն F. Jean Destieux հեղինակավոր անձ իր «La Socie’te’ des Nations doit s’ ouvrir aux Nationalites» հոդվածում գովեստի խոսքեր է գրել բժշկի մասին: Նա մասնավորապես գրել է, որ Ազգերի ընկերակցության (Միացյալ ազգերի կազմակերպություն` ՄԱԿ - ՀՄ) առաջին գաղափարը, դեռևս նախագահ Վիլսոնից առաջ, 1916 թ-ից սկսած բժիշկը` P. M. ստորագրությամբ բազմաթիվ հոդվածներ է տպագրել լրագրերում և առանձին գրքույկներով: Հեղինակը հավաստում է, թե բժշկի «De la meilleure utilisation de la victoire. Le projet de paix offensive» և մյուս հոդվածները լուրջ ուսումնասիրություններ են աշխարհում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Նշել է, թե պարոն P. M.-ն Պետությունների ընկերակցությունը կոչել է ուղղակի «Միություն» և հանգամանորեն շարադրել նրա ֆունկցիաները, իրավունքներն ու պարտականությունները:

Աշխատությունները.
1. De la meilleure utilisation de la victoire. Le projet de paix offensive. Հոդված
2. La meilleure utilisation de la Victoire. Գրքույկ
3. Mahokian, P.-M. (Dr), Les nationalitռs et la Sociռtռ des Nations: les reprռsentations politique, pռnales et pռcuniaires dues aux Armռniens
H. Daragon, Paris, 1918
4. Mahokian, P.-M. (Dr), Demos, ou les Vraies bases de la Sociռtռ des nations
Paris : Bossard, 1920, Description matռrielle : In-8, VIII-143 p.

Կրճատումներով տպագրվում է Հ. Մինասյանի «100 հայ հոգեբույժներ», Կենսագրական բառարան, Գիրք Դ (Եր., 2009, 240 էջ) - գրքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել