Լևոնը ծնվել է Երևանում։ 24 տարեկան է։ Հայրը բեմադրող ռեժիսոր է, մայրը` բանասեր, տասներկուամյա եղբայրը սովորում է թավջութակ նվագել: Մայրական պապը բանաստեղծ էր, մյուս պապը` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տատիկները` հայկական ավանդական ընտանիքը փայփայող և գյուղաշխարհին կապողնվիրական ձեռքեր: Մասնագիտություններով բազմադեմ այս ընտանիքում Լևոնն ընտրեց դաշնակահարի ճանապարհը, թեպետ պատմության հանդեպ հետաքրքրությունն այսօր էլ չի մարել: Պարզապես երաժշտության նկատմամբ տարիների ընթացքում ձևավորված նվիրումն ինչ-որ առումով ետ մղեց գիտությունը: Դեռ շատ էր փոքր` երկու-երեք տարեկան, երբ փորձում էր նվագել. «Հիշում եմ՝ անլույս տարիներն էին, և երաժշտություն լսելու հնարավորությունից էլ էինք զրկված: Մթության մեջ վերցնում էի գդալներն ու իրար հարվածելով` նվագում ու իբր երաժշտություն էի հորինում,- պատմում է Լևոնը: -Հիմա ամեն ինչ այլ է, համակարգիչն էլ այս հարցում շատ է օգնում՚£ Հիմա այլ է նաև այն, որ երաժշտությունը, բնականորեն ներդաշնակվելով Լևոնի հոգևորին, նրա համար արդեն սովորական է, ինչպես ամեն պարզ, բայց հանճարեղ բան: Սակայն ներդաշնակվել է այնպիսի անքակտելիությամբ, որ այդ սովորականի մասին հեշտ չէ խոսել. «Դժվար է ասել` ինչ է ինձ համար երաժշտությունը: Միգուցե աշխատանք, զբաղմունք: Առաջ մտածում էի, որ կյանքիս իմաստն է: Բայց հիմա հասկանում եմ, որ երաժշտությունը վերապահումով կարելի է կյանք համարել: Դրանով և՛ հնարավոր է, և՛ հնարավոր չէ երջանիկ լինել, քանի որ կյանքը միայն երաժշտությամբ չէ գեղեցիկ, երջանկությունը` առավել ևս, որի առիթ կարող է լինել նաև, ինչու ոչ, բարեկեցիկ կյանքը: Կարծում եմ՝ դասական երաժշտությունը փիլիսոփայության պես Աստվածաշնչից է գալիս, և 10 պատվիրանների նման պիտի ճիշտ կատարես և ոչ թե ֆանատիզմով»: Լևոնը 6 տարեկանից կորցրել է տեսողությունը, սակայն տեսնում է ավելին, քան տեսնողներս, առավել ինքնուրույն, կայացած և կրթված է, քան շատերս: Նա արդեն հասցրել է հեղինակավոր բեմերում հանդես գալ: Նախ (մինչև ութերորդ դասարան) սովորել է Ալեքսեյ Հեքիմյանի (ղեկավարներ` Կարինե Դարբինյան և Ռուզաննա Ազիզյան), այնուհետև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում` դաշնամուրի բաժնում: Այժմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է և կրթվում է արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարանում:

Երիտասարդ դաշնակահարը 2010 և 2012 թվականներին Սանկտ Պետերբուրգում Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիայի դահլիճում ելույթ է ունեցել տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ (ելույթը «Քայլ ընդառաջ» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում էր, որ կազմակերպվում է ֆիզիկապես սահմանափակ հնարավորություններով երեխաների և երիտասարդների մասնակցությամբ). կատարել է Բեթհովենի դաշնամուրային երրորդ կոնցերտը: Լևոնը մենահամերգով հանդես է եկել նաև Սանկտ Պետերբուրգի «Ճարտարապետների տան»-ը` արժանանալով ներկաների և տեղի մամուլի առանձնակի ուշադրությանն ու բարձր գնահատանքին: 2007-ին Ֆրանսիայում մասնակցել է «ՖԼԱՄ» միջազգային մրցույթին, որտեղ բազմաթիվ երկրներից ներկայացուցիչներ կային, այդ թվում՝ Չինաստանից, Ճապոնիայից, Կորեայից: Նույն թվականին նվագել է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Մրցույթներին մասնակցում եմ մարդկանց հետ շփվելու և նրանց ճանաչելու համար: Երաժիշտներ կան, որոնք գալիս են ցույց տալու` իրենք են լավագույնը: Եվ երբ որևէ մրցանակի չեն արժանանում, ցավոք, երբեմն ծանր ապրումներ են ունենում և թողնում երաժշտությունը: Մինչդեռ երաժշտությունը մրցելու համար չէ, փառատոներն էլ ներկայանալու առիթ են»,- վստահ է Քեչեկի սանը:

Ալ. Սպենդիարյանի անվան մրցույթի դափնեկիր է Լևոնը, նաև Վլադիմիր Հորովիցի անվան մրցույթի դիպլոմանտ, Առնո Բաբաջանյանի անվան հիշատակի ֆոնդի Ոսկե մեդալակիր: 2010 թվականից Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի անդամ է: Մենահամերգներ է ունեցել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում:

Լևոնը ելույթ է ունեցել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: «Առաջին անգամ էինք համագործակցում,- պատմում է նվագախմբի դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ - Չափազանց աշխատասեր և, համոզված եմ, մեծ ապագա ունեցող երիտասարդ է: Լևոնը երաժշտությունը խիստ յուրովի է ընկալում։ Չեմ կարող հստակ բացատրել` որոնք են դրա պատճառները: Նրա հոգևորն անչափ լուսավոր է, հավանաբար այդ իսկ պատճառով: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան նման պրոֆեսիոնալ երաժիշտներ»,- եզրափակում է խոսքը վաստակաշատ դիրիժորը` Լևոնի հետ համագործակցությունը շարունակելու համոզվածությամբ և մեծագույն ցանկությամբ:

2002 թվականին Լևոնը Մոսկվայից հրավեր էր ստացել ուսումն այդտեղ շարունակելու առաջարկով: Մեկնել է, սակայն վերադարձել՝ Երևանում կրթություն ստանալու: Բայց. «Մագիստրատուրան ավարտելուց հետո ուզում եմ գնալ: Մեր երկրում պայմաններն առանձնապես նպաստող չեն դասական երաժիշտների ապագայի համար, դրսում համագործակցության հնարավորություններն ավելի մեծ են, և սոցիալապես առավել ապահովվածություն կա, ինչը կարևոր է երաժշտի համար»,- ասում է Լևոնը և ավելացնում, որ Հայաստան միշտ է գալու, պարզապես ցանկանում է արտերկրում աշխատել:

Այս օրերին երիտասարդ դաշնակահարը պատրաստվում է մասնակցել Հայաստանի համահայկական հիմնադրամի նախաձեռնած մրցույթին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել