Related imageԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը նպատակ ունեն եռակողմ ապրանքաշրջանառությունը հասցնելու 20 միլիարդ դոլարի։ Այդ մասին Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ֆորմատով 5-րդ բիզնես ֆորումին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Ֆաթիհ Մեթինը։

2016թ-ին Ադրբեջանի ու Թուրքիայի ապրանքաշրջանառությունը հասել է 2,3 միլիարդ դոլարի, իսկ Վրաստանի հետ` 395 միլիոն դոլարի։
Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվում են իրականացվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը, այս տարի նախատեսվում է սկսել կյանքի կոչել TANAP գազամուղը։ Ադրբեջանական բիզնեսը Վրաստանում ներդրումների առումով առաջատարն է. Վրաստանի գրեթե ողջ գազը մատակարարվում է Ադրբեջանից։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը նշել է, որ ադրբեջանական ընկերությունների ներդրումները Թուրքիայում հասնում են 9 միլիարդ դոլարի, Վրաստանում` 3,4 միլիարդ դոլարի։ Այս պահին Ադրբեջանում գործում է թուրքական կապիտալով երեք հազար ձեռնարկություն, իսկ Թուրքիայում ադրբեջանական կապիտալով մոտ երկու հազար ձեռնարկություն։ Թուրքական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 11 միլիարդ դոլարի, իսկ ադրբեջանական ներդրումները Թուրքիայի տնտեսությունում` 9 միլիարդ դոլարի։

Ադրբեջանում այս պահին գործում է վրացական կապիտալով ավելի քան 270 ընկերություն։ Վրաստանում գործում է ադրեջանական կապիտալով ավելի քան 200 ընկերություն։ Վրաստանի ներդրումներն Ադրբեջանի ոչ նավթային հատվածում հասնում են 76 միլիոն դոլարի, իսկ ադրբեջանական ներդրումները Վրաստանում` 3,4 միլիարդ դոլար։

Բացի տնտեսական համագործակցությունից՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով ակտիվանում են նաև ռազմական կապերը։
Թբիլիսիում այս տարվա մայիսին կայանալու է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ եռակողմ ռազմական համագործակցության հուշագիր ստորագրվի։
Էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի առումով Թուրքիան ու Վրաստանը զգում են միմյանց կարիքը` Վրաստանը Թուրքիայի «պատուհանն» է դեպի Կովկաս, Ադրբեջան ու թյուրքախոս Միջին Ասիա, իսկ ի դեմս Թուրքիայի՝ Վրաստանն ունի հզոր տնտեսական գործընկեր, 80 միլիոնանոց շուկայով երկիր, որը ներդրումների առումով առաջատարն է` Ադրբեջանի հետ մեկտեղ, վրացական տնտեսության տարբեր ճյուղերում։

Թբիլիսին հաշվի է առնում նաև թյուրքական` Քվեմո-Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը` Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանին` այդ տարածաշրջանի կրոնական-էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով` Բաթումիից մինչև վրաց-ադրբեջանական սահման թյուրքական-մահմեդական միջանցք է ստեղծելու` դրանից բխող հետևանքներով։ Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով, և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին։ Դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիով, իսկ մյուսը` Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմա-քաղաքական դաշինքը սպառնալու է ՀՀ-ի ազգային անվտանգությանն ու ուղղված է լինելու տարածաշրջանում ՀՀ-ի հետագա մեկուսացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել