-Իսկ ես վախենում եմ մթությունից, անգամ երբ փակում եմ աչքերս:
-Ամեն անգամ, երբ դու մութ վայրում լինես կամ փակես աչքերդ, ես ցավեցնելու չափ կսեղմեմ ձեռքդ, որ դու զգաս, որ մենակ չես:
-Իսկ եթե դու չլինես, ի՞նչ եմ անելու:
-Ամեն անգամ, երբ դու մութ վայրում լինես կամ փակես աչքերդ, ես ցավեցնելու չափ կսեղմեմ ձեռքդ, որ դու զգաս, որ մենակ չես:
-Իսկ եթե դու չլինես, ի՞նչ եմ անելու:
-Ես իմ արևը քեզ կուղարկեմ, և այն քեզ լույս կտա, անգամ երբ փակես աչքերդ:
Զարմանալի է, ինչպե՞ս կարող են օդում հնչած խոսքերը իրականություն դառնալ: Դու երբեք չէիր մտածի, որ ես կարող է մի օր չլինեմ, անգամ երբ ասում էիր դա: Իսկ հիմա՞: Ինքս էլ տեսնում եմ, թե ինչպես ես ապրում առանց ինձ:
Իսկ հիմա բարև: Կզարմանաս, թե ինչպես ես ստացել նամակս, կամ արդյոք դա ես եմ գրել: Բայց հավատա՝ դա ես եմ: Իսկ եթե անգամ կասկածներ ունենաս, մեկ է այն քեզ հակառակը կապացուցի: Չեմ հարցնում, թե ինչպես ես, ինքս ամեն ինչ լավ տեսնում եմ: Տեսնում եմ, որ չես կարողանում, թեև ինձ հակառակն էիր խոստացել: Տեսնում եմ, որ կյանքդ տանջանքի ես վերածել: Տեսնում եմ, որ իմ մասին մտքերը քեզ հանգիստ չեն թողնում: Տեսնում եմ, որ ձեռքդ ամուր սեղմող չկա, երբ փակում ես աչքերդ: Տեսնում եմ, որ վախենում ես...
Իսկ դու չգիտես, որ ամեն անգամ ես կողքիդ եմ, երբ դու մենակ ես, թեև որ ամուր սեղմում եմ ձեռքդ, դու դա չես զգում: Չես զգում, երբ քեզ գրկում եմ, երբ շշնջում եմ ականջիդ, որ ամեն ինչ լավ է լինելու:
Վառել ես արևներդ, փակել բոլոր լուսավոր պատուհանները: Իսկ ես ամեն անգամ ջանում եմ մի փոքր լույս տալ մշուշոտ աչքերիդ, բացում եմ նոր դռներ քեզ համար, որոնք, ցավոք, դու չես նկատում:
Երբ անձրև է գալիս, ես քեզ համար մանր արևի շողեր եմ ուղարկում, որոնք կաթիլների արանքից քեզ ողջունում եմ: Երբ քամի է լինում, ես նստում եմ քո պատուհանի մոտ և ամբողջ ուժով սեղմում, որ դու չվախենաս քամու ձայնից: Երբ չես կարողանում քնել, ես երգ եմ շշնջում ականջիդ, իսկ երբ մրսում ես, ես ամուր գրկում եմ մեջքդ...
Ես կողքիդ եմ: Մի գոռա երազներիդ մեջ, որ քեզ մենակ եմ թողել: Ոչ, դա այդպես չէ: Խոստացիր, որ առաջ կգնաս, իսկ ես միշտ կլինեմ քո մեջքի հետևում: Իսկ հիմա քո մարած արևների փոխհարեն ես քեզ իմ արևներն եմ ուղարկում, որպեսզի դու ամեն անգամ չվախենաս աչքերդ փակելիս:
Որտեղից` երկնքից:
Դեպի որտեղ` երկիր:
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2013/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել