Ըստ 2016 թվականի տնտեսական տարվա ամփոփման ԱՎԾ-ի հրապարակման՝ մյուս մակրոտնտեսական ցուցանիշների համեմատ ամենամեծ ուշադրությունը իր վրա կենտրոնացնում է արտահանման աճը: Այն նախորդ տարիների համեմատ ռեկորդային է՝ 20 տոկոս, որն ապահովել է 1 միլիարդ 782 միլիոն դոլարի արտահանում: Ի դեպ՝ ՀՀ-ն ԱՊՀ երկրներում միակ երկիրն է, որն ունեցել է արտահանման աճ:
Տեսնենք՝ ո՞ր երկրների հետ համագործակցությունն է ապահովել այս աճը: Արտահանումը աճել է հիմնականում դեպի ԵԱՏՄ երկրներ: Մեր արտահանման ամենախոշոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ 20.8%, երկրորդ տեղում է Բուլղարիան՝ 8.5%, ապա Վրաստանը՝ 8,2%, Կանադան՝ 7.8%, Գերմանիան՝ 7.8%, Իրաքը՝ 7.7%, Չինաստանը՝ 5.4%, Շվեյցարիան՝ 4.2%, Իրանը՝ 4.2% և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 3.6% մասնաբաժիններով:
Այսպիսով՝ այս 10 երկրները միասին ապահովել են մեր արտահանման մոտ 80 տոկոսը, իսկ մեր երկրի արտահանման ամենախոշոր գործընկերներն են՝ Ռուսաստանը, Բուլղարիան և Վրաստանը: