2016 թվականը կարելի է անվանել տնտեսական վայրիվերումներով ժամանակաշրջան: Միանշանակ գնահատական տալը դժվար է, սակայն որոշակի պատկերացում նախորդ տարվա վերաբերյալ կարելի է կազմել:
Մասնավորապես՝ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում հարկերի և տուրքերի գանձումները 2015 թվականի համեմատ աճել են 1,1%-ով, որտեղ ամենաբարձր տեսակարար կշիռն ունեցել է ԱԱՀ-ն, որին բաժին է ընկել գանձնված հարկային եկամուտների 33,9%-ը:
Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի արդյունաբերության և ծառայության ոլորտներում արձանագրվել է համապատասխանաբար 6,7 և 7,1 տոկոսանոց աճ, այնուամենայնիվ, դա հնարավորություն չի տվել ավելացնել գանձված ԱԱՀ-ի ցուցանիշները:
Իհարկե, պետք չէ մոռանալ, որ որոշ կետերում հարկային եկամուտների պակասի պատճառ հանդիսացել է տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններին և անհատներին տված հարկային արտոնությունները, որոնց էֆեկտը կարելի է արձանագրել երկարաժամկետում:
Չնայած գանձված ԱԱՀ-ի բացասական ցուցանիշին` այնուամենայնիվ մի շարք այլ հարկատեսակներում արձանագրվել է դրական միտում: Մասնավորապես՝ երկրորդ խոշոր հարկատեսակը՝ եկամտային հարկի հավաքագրումները աճել են 6,7% -ով, շահութարակինը՝ 22,7%, իսկ ակցիզային հարկից ստացված «օգուտները» կազմել են 22 տոկոս: