Եվրոպական միությունը պետք է ամրապնդի եվրոյի գոտին և պաշտպանի արժութային միությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք պետք է է ամրապնդենք մեր ընդհանուր արժույթը»,- ասել է Մերկելը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն արդեն վերապրել է երկու ֆինանսական ճգնաժամ:
«Երբ մենք ընդհանուր արժույթի ներդրման որոշում էինք կայացնում, պատրաստ չէինք ճգնաժամերի լուծման, չէինք մշակել պաշտպանական մեխանիզմներ»,- ասել է Մերկելը:
Ելույթ ունենալով համաժողովում՝ Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի միջամտում Եվրոպական Կենտրոնական բանկի քաղաքականությանը։
«ԵԿԲ-ն վարում է անկախ քաղաքականություն, որը չի կառավարվում Գերմանիայից։ Դա ընդհանուր քաղաքականություն է եվրոգոտու բոլոր երկրների համար»,-ասել է նա։
Մերկելը նշել է, որ Գերմանիան ստանձնել է պաշտպանական ծախսերը ՀՆԱ 2 տոկոսին հասցնելու պարտավորություն և աշխատում է այդ ուղղությամբ։
Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին՝ Մերկելը նշել է պայքարին ուղղված ջանքերին մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է հստակ սահման անցկացնի խաղաղ իսլամի և իսլամիստական ահաբեկչության միջև։