Առավոտ հիշեցի, թե ԽՍՀՄ իշխանության տարիներին ինչպես էր գործարանային «гудок»-ը իր սուր ու երկար ձայնով արթնացնում արդյունաբերական՝ Լենինական քաղաքի աշխատավոր ժողովրդին:
23 տարի այս քաղաքից սև ծուխ է դուրս գալիս, բառիս բուն իմաստով քաղաքս ծխում է:
Բայց զայրութս նրանից է, որ կարդում եմ, թե ավագանու հերթական նիստի ժամանակ նորընտիր քաղաքապետը հանձնարարում է քաղաքը մաքրել ու տեխնիկան իր կողմից է տրամադրում: Առաջին միտքը՝ էս ինչ բարերար մարդ է, երկրորդ միտք, ինքնաբուխ՝ բա քաղաքի բյուջեն ի՞նչ էղավ, որ էս մարդն իր հաշվին է քաղաքը մաքրում, երրորդ միտք՝ ի՞նչ բյուջե, դա միանշանակ գրպանվում է, չորրորդ միտք՝ ես լինեի, հարկ չէի վճարի, հինգերորդ միտք՝ վայ, ես բողոքավոր եմ դառնում, վեցերորդ միտք՝ կամ բողոքավոր, կամ գռող-գռփող, յոթերորդ միտք՝ ինձ նմանները մի ելք ունեն՝ արտագաղթել, ութերորդ միտք՝ չէ, ես կմնամ ու իմ ծուխը կշինեմ, կշենացնեմ: Տանից չեմ ուզում դուրս գալ, մինչև ծնկներս ցեխ է փողոցում, համ էլ դուրս եմ գալիս՝ զայրանում եմ՝ տեսնելով այն դատարկ ու պարապ շքեղությունը, որը վեր է բարձրանում հասարակության չքավորության ֆոնի վրա: Մի տեսակ անգլիական մելամաղձոտ տրամադրություն է քաղաքիս վրա՝ դեպրեսիվ:
23 տարվա սև ծխից մեր ամեն ինչն է սևացել՝ երեսներիցս բռնած մինչև հոգիներիս խորքերը: Մի լուսավոր բան կա՝ հավատքը, էն էլ դա էլ են գողանում մեզանից ու սպանում մեր մեջ:
23 տարվա պասից այս ժողովուրդը հալից ընկել է, թե չէ ինքն էլ Ազատության հրապարակում կլիներ: 23 տարվա տնակային կյանքից հոգնել է, թե չէ ինքն էլ Ազատության հրապարակում վրան կզարկեր:
Մի՞գուցե վերջին ճիգն անի՝ բան փոխի:
Բայց դեռ ծխում է սև ծխով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/509133165794765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել