(Հատված «Օրվա խորհուրդը» գրքից)
Ընթերցվածք` Ես. 53.1-54.5, Ա Կորնթ. 15.1-28
«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը. և տակավին նույն մեղքերի մեջ եք» (Ա Կորնթ. 15.13-14):
Հարությամբ է իմաստ ստանում քրիստոնյայի կյանքը` խարսխված Տիրոջ պատվիրանների վրա, որովհետև Աստծու Որդու` Խաչի վրա մեր մեղքերի համար մահվամբ և հրաշափառ Հարությամբ, մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: Հարության հույսով գոտեպնդված` դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը:
Եկեղեցական օրացույցի ողջ տարին կենտրոնանում է Հարության տոնի շուրջը և պայմանավորվում Հիսուս Քրիստոսի փրկչական առաքելությամբ, որին փարվողները պիտի հայտնվեն Տիրոջ մոտ` երկնքի արքայության մեջ: Քրիստոնյայի այս անդրանցական հոգևոր ճամփորդությունը տարվա մեջ ունի իր հստակ հանգրվան-պարտականությունները, որոնց կատարումով է նա զորանում իր հավատի մեջ և շնորհ ու ողորմություն գտնում Աստծուց: Հանգրվաններից մեկն էլ հենց Մեծ պահքն է, երբ Բուն Բարեկենդանից մինչև Ծաղկազարդ` Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, քառասնօրյա շրջանը քրիստոնյան աղոթքով ու պահեցողությամբ պատրաստվում է հանդիպման, ողջագուրման Տիրոջ հետ:
...Մեծ պահքի մեր այս ճամփորդության մեջ, երբ ավելի ու ավելի մոտենում ենք Սբ. Հարության տոնին, ավելի մեծ փութաջանությամբ հեռու վանենք մեզանից վայելքներն ու գայթակղությունները, ապրենք ինքնամփոփման, խաղաղության, զղջման և ապաշխարության մի շրջան:
Սա է, որ առաջնորդում է մեզ` քրիստոնյաներիս, աստվածանմանության և ներքին ներդաշնակության, որպեսզի լինենք «կատարյալ, ինչպես մեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48):
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/503669639696320?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել