Lragir.am-ը գրում է.
Բոլոր գիտական նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հզոր ձնածածկույթի առկայությունը դեռ որոշիչ պատճառ չէ ուժեղ արտահայտված գարնանային վարարումների առաջացման համար: Գետերում ջրի ելքերի կտրուկ բարձրացման համար անհրաժեշտ է մի քանի օդերևութաբանական երևույթների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես՝ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և դրան ուղեկցող տաք անձրևները:
ՀՀ տարածքի գետերի սնումը խառն է, ընդ որում՝ տարբեր գետային ավազաններում այս կամ այն սնման բաղադրիչի դերը ենթարկվում է նշանակալի փոփոխության: Գետերի հոսքի ռեժիմին բնորոշ են հետևյալ փուլերը. գարնանային վարարումներ, անձրևներից առաջացած հորդացումներ, աշնանային և ձմեռային սակավաջրություն: Գարնանային վարարումները ՀՀ գետերի, այդ թվում՝ Հրազդանի և Գետառի ջրային ռեժիմի հիմնական փուլն է, որը գրեթե բոլոր գետերի մոտ հանդես է գալիս լավ արտահայտված՝ մեկ ընդհանուր ալիքի տեսքով: Այն ձևավորվում է ստորերկրյա և հալոցքային ջրերից, ինչպես նաև՝ անձրևաջրերից: Սինոպտիկական պրոցեսների ժամանակ, երբ տեղի է ունենում օդի ջերմաստիճանի զգալի և կտրուկ բարձրացում, միաժամանակ ձնհալք բարձրադիր գոտիներում, որն ուղեկցվում է տաք անձրևներով, վարարումները արտահայտվում են բուռն կերպով և առանձնանում են ջրի մակարդակի զգալի բարձրացումներով: Այդպիսի վարարումների տևողությունը համեմատաբար կարճ է՝ 2-3 օր: Հանրապետության տարածքի գետերի առավելագույն ելքերը դիտվում են հիմնականում գարնանային վարարումների ընթացքում՝ մարտ-ապրիլ ամիսներին, իսկ Արաքս գետի ավազանում հնարավոր է նաև մայիս ամսվա առաջին հատվածում: Ուստի, վերջինիս՝ ժամանակին կանխատեսումը կանխարգելում է այն վտանգը, որը կարող է տեղի ունենալ առավելագույն ելքերի անցման ժամանակ:Ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել Երևանով հոսող Գետառ և Հրազդան գետերում ջրի մակարդակի ինտենսիվ բարձրացումներ կլինեն, թե ոչ: Նման երևույթները կանխատեսելի են միայն 5-6 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներն ու դրան ուղեկցող ինտենսիվ անձրևները:
Օրինակ՝ 2004 թ.-ի մարտի 5-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան ներթափանցած տաք օդային հոսանքները և դրանց ուղեկցող առատ անձրևները, մի շարք գետերում, այդ թվում՝ Հրազդան գետում ինտենսիվ վարարումների և ափամերձ տարածքների ջրածածկման պատճառ հանդիսացան: Մինչդեռ այդ տարի՝ փետրվարի վերջին և մարտի սկզբին, հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում ձնածածկույթ ընդհանրապես բացակայում էր, ձյան ծածկ առկա էր միայն 1700 մ-ից բարձր գոտիներում: