Iravunk.com-ը գրում է.
12 տարի անց Ֆրանսիայից Հայաստան է ժամանել «Farell» զուգագուլպաների համաշխարհային բրենդի հիմնադիր, ծնունդով գյումրեցի հայ դիզայներ ԳՈՌ ՀԱՐՈՅԱՆԸ, որի ստեղծած զուգագուլպաները կրում են աշխարհահռչակ այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Փերիս Հիլթոնը, Լարա Ֆաբիանը, Ֆրանսուա Օլանդի կինը եւ այլք: «Իրավունքը» առիթ ունեցավ հանդիպելու եւ զրուցելու Գ. Հարոյանի հետ: Պարզվում է` հայ դիզայներին հայրենիք է բերել ոչ միայն կարոտը, այլ նաեւ մի կարեւոր իրադարձություն, ինչի մասին նշեց հետեւյալը.
- Արդեն 4-5 տարի է, ինչ սիրահարված եմ ու ճանաչում եմ ապագա կնոջս` Անիին, եւ, վերջնականապես, որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները: Ի դեպ, նա եւս գյումրեցի է: Ճիշտ է, մենք առաջին անգամ հանդիպել ենք Ֆրանսիայում, հետո ուրիշ երկրներում, բայց երբեք Հայաստանում չէինք հանդիպել, դրա համար էլ որոշեցինք, որ մեր միության արարողությունն անենք հենց հայրենիքում:
- Ինչո՞ւ 12 տարի ապրելով եվրոպական երկրում` որոշեցիք, այնուամենայնիվ, կյանքի ուղեկից ընտրել հայուհու:
- Բոլորին այդ հարցը հետաքրքիր է, ինձ ասում են` ինչո՞ւ հայուհի, չէ՞ որ դուք անընդհատ տարբեր երկրներում եք լինում եւ այնպիսի բնագավառում եք աշխատում, որտեղ հայերը քիչ են: Պատասխանը մեկն է` որովհետեւ հայ կինն ուրիշ է, մեր ընտանեկան բարքերին հավատարիմ է ու ընտանիքի սյունն է: Դրա համար էլ ասացի` Անիիս հետ եմ ամուսնանալու եւ վերջ:
- Ձեր աշխատանքը, բրենդը կապված է կանանց հետ, հետաքրքիր է` Անին չի՞ խանդում:
- Ի՞նչ անենք, սա էլ իմ աշխատանքն է: Անին, իհարկե, հասկանում է այս ամենը, բայց եթե անկեղծ մի քիչ խանդ, իհարկե, կա, չէի ասի, թե չկա: Ամեն դեպքում, ամեն ինչ շատ լավ է, այդ առումով խնդիրներ չունենք: Անին Ֆրանսիայում էլ միշտ ինձ հետ է թե´ դեֆիլների, թե´ հրավերքներների ժամանակ:
- Անդրադառնանք նշանադրության արարողությանը եւ աստղային հյուրերին...
- Մեր նշանադրության արարողությունը կայացել է երեկ` Սուրբ Վալենտինի տոնին: Մեզ հատուկ շնորհավորելու էին եկել երգիչ Հայկոն եւ դուդուկահար Կամո Սեյրանյանը: Մեզ շնորհավորեց նաեւ երգիչ Էրիկն՝ իր նոր երգով:
- Իսկ ե՞րբ կլինի հարսանեկան արարողությունը:
- Հարսանիքն ուզում ենք անել ամռանը, բայց դեռ չենք որոշել որտեղ՝ Երեւանում, թե Հայաստանից դուրս:
- Այսօր ունեք հաջողակբիզնես, ճանաչում, կյանքի սիրելի ուղեկցուհի ձերկողքին, ի՞նչ է պակասումՁեզ լիարժեք երջանկությանհամար:
- Հուսով եմ շուտով կուենանք մեր երեխաները եւ կուրախանանք նրանցով: Մեր ծնողներն էլ կհպարտանան մեր ընտանիքով: Ինձ թվում է՝ միայն սա է պակասում: Ճիշտ է, կյանքում շատ դժվարություններ եմ ունեցել մինչեւ հասել եմ այս աստիճանին, բայց դեռ էլի անելիքներ ունենք:
Մեզ մնում է անսահման երջանկություն մաղթել Գոռին եւ Անիին, իսկ մեր ընթերցողներին խոստանալ առաջիկայում ներկայացնել աշխարհառչակ դիզայների բացառիկ հարցազրույցը՝ իր հաջողության բաղադրատոմսի, նորաձեւության տենդենցների եւ հայրենիքի մասին: