Երեկ պարզ դարձավ ՀՀԿ և «Ելք» դաշինքի ցուցակների որոշ հատվածը, որտեղ դեռ խնդրահարույց տեղեր կան, կարծում եմ, որ մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը դրանք կփոփոխվեն: Մասնավորապես՝ ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում պետք է ընդգրկված լինի երեք կին: «Ելք»-ի ցուցակի առաջին եռյակում էլ միայն արական սեռի ներկայացուցիչներ են, նույն խնդիրը կունենան նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները: Ընտրական օրենսգրքի 83 հոդվածի 4 կետում հստակ նշվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: