2016 թվականի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49 մլրդ դրամ գումար, ինչը 5 մլրդ-ով գերազանցում է 2015 թվականի, իսկ 11 մլրդ-ով` 2014թ. ցուցանիշները:
Նախորդ տարվա ընթացքում ԱԱՀ վերադարձվել է ավելի մեծ թվով տնտեսվարողների, որոնց թիվը հասել է 138-ի այն դեպքում, երբ 2015 և 2014 թթ.-ին ԱԱՀ է վերադարձվել համապատասխանաբար 120 և 96 հարկ վճարողի: Հատկանշական է, որ վերջին 3 տարվա ընթացքում կառավարությունը 30 տոկոսով ավելացրել է արտահանողներին վերադարձվող ԱԱՀ-ի գումարը:
Նշված արտոնությունից օգտվում են բոլոր արտահանողները`առանց ոլորտային սահմանափակման: Սակայն, վիճակագրության համաձայն, ամենաակտիվը մթերող և արդյունաբերական կազմակերպություններն են:
ԱԱՀ-ն վերադարձնելու որոշումը կայացվում է դիմումատուների հարկային և մաքսային տվյալների ուսումնասիրման և համադրման արդյունքում: Դիմումների ներկայացման առումով ևս սահմանափակում չկա. տարիներ առաջ արտահանում իրականացրած ընկերությունները նույնպես, ԱԱՀ-ը վերադարձնելու նպատակով, կարող են դիմել հարկային մարմին: