Հայաստան-Իրան հարաբերություններում առանձնակի տեղ ունի տնտեսական բաղադրիչը: Կողմերը քայլեր են ձեռնարկում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Հայաստանի և Իրանի տնտեսական կապերի զարգացման մեծացման գործում կարող է լուրջ ներգործություն ունենալ ապահովագրական ինստիտուտի զարգացումը և հայ-իրանական ապահովագրական ընկերությունների համագործակցությունը։
Ապահովագրական ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացումը խթանելու նպատակով տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում իրանական կողմն առաջարկել է կնքել եռակողմ հուշագիր Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև՝ սահմանելու համագործակցության խորացման ուղղությունները։
Հատկանշական է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության հստակ նախագիծ և կազմակերպել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչների այցը Իրան։