Նախասկզբնական էությունները սահմանման ենթակա չեն...
Պլատոն
Պլատոնի այս միտքը դրդեց ինձ խոսելու ապոֆատիկ աստվածաբանության մասին: Չէ՞ որ մենք անվերջ խոսում ենք Աստծո մասին և փորձում ենք գործի դնել նկարագրողական մեր ողջ կարողությունը: Աստվածաբանական և փիլիսոփայական երկերի անթիվ հատորներ են գրվել մինչ օրս, որոնք նպատակ ունեին սահմանելու Աստծո անսահման բնությունը, սակայն ետադարձ հայացքով դիտելով անցած ուղին՝ թվում է, թե էական ոչ մի արդյունքի չենք հասել: Մեր անհագ բանականությունը փորձում է հստակ գծագրել Աստծուն և ենթարկեցնել նրան մեր ճանաչողությանը (ինչն անկասկած կարևոր է հավատի գիտակցման և բանական հիմնավորման առումով), բայց այս փորձերն ի սկզբանե անհաջողության են դատապարտված: Ահա թե ինչ է ասում այս առնչությամբ Աստվածաշունչը. «Ոչ մեկին տրված չէ պատմել նրա գործերը։ Ո՞վ կքննի նրա մեծագործությունները։ Ո՞վ կչափի նրա հզորության մեծությունը, և ո՞վ կհամարձակվի պատմել նրա ողորմության մասին։
Հնարավոր չէ ո՛չ նվազեցնել, ո՛չ ավելացնել և ո՛չ էլ հետազոտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։
Երբ մարդը համարի, թե ավարտել է, կզգա, թե նոր է սկսել, և երբ դադարի պատմելուց, ապշահար կմնա» (Սիրաքի իմաստություն 17:1-6)։
Ապոֆատիկ աստվածաբանությունը մի հայեցակարգ է, որում նախընտրությունը տրվում է սահմանելուն, թե ինչ կամ ինչպիսին չէ Աստված (որպեսզի մենք մտովի պատկերացնենք Աստծո անդրանցական էությունը) կամ առհասարակ լռությամբ նրա մասին խոսելուն (որովհետև հարցերին լռությամբ պատասխանելը նույնպես պատասխան կարող է լինել): Պլատոնն իր հիշյալ մտքում բացահայտում է այն իրողությունը, որ բաղադրյալ կամ ածանցյալ էությունները սահմանվում են ավելի պարզ բաղադրիչների կամ իրենց նախորդող էությունների միջոցով, սակայն նախակսզբնական և տարրական էությունները սահմանելն անհնար է: Աստված ինքն անդրանցել է մեր զգայարաններին հասու տարածությունը և ժամանակը, ուստի դատել նրա մասին հիմնվելով զուտ մեր բանականության կարողությունների վրա՝ անօգուտ է:
Աստվածաբանական այս մոտեցումը կիրառվում է ոչ միայն քրիստոնեության մեջ: Մայմոնիդեսի կողմից սահմանված հուդայականության 13 սկզբունքներից մեկում ասված է. «Աստված առհասարակ ոչ մի նմանություն չունի», շումեր-աքքադական առասպելներում աստվածները համարվում են անքննելի և անճանաչելի, անտիկ հունական կրոնական պատկերացումները սահմանափակվում էին միայն աստվածների գործերի վերապատմումով, իսկ միաստվածյա կրոնական գաղափարներում (օր.՝ Քսենոփանես) կրկին խոսվում է Աստծո անճանաչելիության մասին, հին հնդկական Ուպանիշադներում բացարձակ էությունն անվանվում է «Ո՛չ սա», Բուդդան հայտնի է հոգեղեն էությունների մասին իր 14 անպատասխան մետաֆիզիկական հարցերով, Դաոսիզմում համարվում է, որ Դաոն չունի հստակ կերպարանք, իսլամում նույնպես կան աստվածաբանական հոսանքներ (մութազիլիտներ, սուֆիներ), որոնք իսպառ մերժում են Աստծո նկարագրությունները:
XIII դարում Խաչատուր Տարոնացու կողմից գրված «Խորհուրդ խորին» շարականը, որով մինչ օրս Հայ Եկեղեցում սկսվում է Պատարագը, չորս բառում ապոֆատիկ կերպով սահմանում է աստվածային էությունը. «Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբ»: Լսե՛ք այս հատվածը ամենքդ, անկախ նրանից՝ հավատո՞ւմ եք Աստծու գոյությանը, թե ոչ, և կզգաք, որ բանականությունից բացի մեր մարդկային էության մեջ (որն ինքներս էլ չենք կարողանում ամբողջովին հասկանալ) բազում անտեսանելի բանալիներ կան աներևույթ և աննյութական Աստծուն գտնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/03/blog-post_13.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել