Լիաննա Արոյանը «Հայ սուպերսթարի» ժյուրիին գրավեց իր աշխուժությամբ: Նրա նկատմամբ դրական վերաբերմունքը չէին զսպում նախագծին առնչվողներից եւ ոչ մեկ: Աղջկա նախագծից դուրս մնալն էլ զարմացրել էր բոլորին, ժյուրին մի պահ նույնիսկ վրդովել էր: Լիաննայի հետ հանդիպեցինք եւ զրուցեցինք «Հայ սուպերսթարի» գալա համերգներից մեկից առաջ: Հիմա երիտասարդ կատարողը Մոսկվայում է, ասել է, ցանկացած դեպքում, երբ իր կարիքը նախագծում զգացվի, կգա՝ առանց վարանման:
Փոքրիկ Լիաննան, արիուտես, եղել է չշփվող երեխա, ասում է՝ ուներ մի քանի ընկերուհիներ, որոնց հետ էր իր ժամանակը անցկացնում, հիմա էլ ծնողները հիշեցնում են իր բնավորության գծերից մեկը. չէր սիրում, երբ իրեն ինչ-որ մեկը համբուրում էր: «Հիմա արդեն փոխվել եմ»,- ասում է նա: ժուռնալիստիկան է նրան փոխել: Սովորում է Մոսկվայում, ժուռնալիստական կրթություն է ստանում, գիտի իր մասնագիտության կարեւոր հատկանիշը ՝ մարդկանց հետ շփվել իմանալն է:
Իսկ մանկության տարիներից տպավորվել է՝ վազում էր սենյակից սենյակ, երգում՝ «այ-այե կո կո ջամբո, այ այ է»: «Սենյակիս պատերին Ռիկի Մարտինի, Նատալիա Օրեյրոյի նկարներն էին, նրան շատ էի սիրում, բոլորն էլ իմ տարիքին, կարծում եմ՝ նայել են «Дикий ангель» սերիալը»,- ասում է նա, հիշում, երբ դերասանուհին Մոսկվա էր գնացել, ինքն էլ ցանկացել էր տեսնել նրան. կանգնել ու նայել էր աստղին. «ֆանատները եկել, ընկել էին վրան: Ես էլ ուզում էի գնալ իրեն իրականում տեսնել, հեռուստացույցով ինքը ուրիշ ա, ուզում էի տեսնել՝ իրականում ինչպիսի՞ն ա»,- ժպտում է Լիաննան: Պատմում է, որ մանկապարտեզից սկսած՝ ցանկացած միջոցառման երգում էր. «Մոսկվայում մի հայկական մրցույթի մասնակցեցի, կատարեցի Ռեյ Չարլզի «Hit the Road Jack» երգը, զբաղեցրի նախավերջին տեղը, բայց ինձ համար դա կարեւոր չէր, ես վատ չէի երգել, գիտեմ, նաեւ գիտեի, որ պետք է աշխատեմ»,- ասում է Լիաննան:
Մանկապարտեզից էլ արդեն երգով տարված Լիաննան չի շտապում երգարվեստն ընտրել. «Մտածում էի, որ գնայի երաժշտական ուղղությամբ սովորելու, հետո ինչո՞վ եմ զբաղվելու, որտե՞ղ պիտի երգեի: Մոսկվայում շատ դժվար է առաջ գնալը, պիտի շատ փող ունենաս: Ինձ հետաքրքիր էր նաեւ նկարահանման պրոցեսը, մարդկանցից հարցազրույցներ վերցնելը, ուզում էի հեռուստատեսությունում աշխատել, դրա համար ընտրեցի ժուռնալիստի մասնագիտությունը»,- ասում է նա:
«Հայ սուպերսթարի» մասին էլ պատահաբար է իմացել, գովազդն է հեռուստացույցով տեսել, որոշել է մասնակցել, ուրախացել է, երբ իմացել է, որ նախագծին մասնակցելու հնարավորություն իրեն էլ է տրվել: Հիմա շատ չի տխրում, որ նախագծից դուրս է մնացել. «Ինձ դուր էր գալիս «Հայ սուպերսթարը», երբ բոլորս կայինք: Էտ օրերը ուրիշ էին, հիմա էլ ա լավ, բայց շատ լավ էր, երբ մի օրում բոլորս երգ էինք սովորում, տեսնում էինք՝ ով ի՞նչ ա անում»,- ասում է նա: Նախագիծն էլ նրան «նվիրեց լավ ընկերություն»: «Մասնակցությունը շատ մեծ դաս էր, ես գիտեմ՝ արդեն ինչի՞ վրա պետք է աշխատեմ»,- համոզված է նա: Սկսնակ կատարողը երգարվեստում մնալու եւ այնտեղ գործելու հետ կապված մեծ ցանկություններ ունի. «Չի կարելի համեմատել քեզ ինչ-որ մեկի հետ, բայց ես ուզում եմ դառնալ Բեյոնսեի պես երգչուհի, նա 2 տարի առաջ էլ էր ժամանակակից, հիմա էլ մնում է այդպիսին, անում է այնպես, որ իրան բոլորը սիրեն: Բեյոնսեին, Ագիլերային շատ եմ սիրում, մեկ էլ ուզում եմ, որ ջազը գա, սիրում եմ Ռեյ Չարլզին»,- ասում է նա,- ես եկել էի այստեղ, որ այնպես երգեմ, որ ինձ լավ զգամ, բայց այդպես չեղավ, որովհետեւ ես գիտեմ, որ ես կարող էի ավելի լավ երգել»:
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/03/blog-post_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել