Իսպանացի կոնկիստադորներն ամերիկյան մայրցամաքի տեղաբնիկ հնդկացիներին կոտորել-թալանելու հետ մեկտեղ նրանց նաև «ճշմարիտ հավատքի» էին բերում: Եվ ահա, մի անգամ իսպանական մի քարոզիչ այցելում է մի կղզի, որտեղ ապրում էին երեք տեղաբնիկ հնդկացի ացտեկներ: «Դուք աղոթք արած կա՞ք»,-հարցնում է նրանց քարոզիչ հայրը: «Մենք ընդամենը գիտենք, որ Աստված կա»,-պատասխանում է տեղաբնիկներից մեկը: «Մենք միայն ասում ենք‘ Աստված, դու երրորություն ես, մենք էլ երեքս ենք և հաշտ ու խաղաղ ապրում և խնամում ենք այս կղզին: Բարեգութ եղիր մեր նկատմամբ»: «Դա ի՞նչ աղոթք է որ,-պատասխանում է դարձի բերող քարոզիչը:-Ես ձեզ իսկական աղոթք կսովորեցնեմ, որն Աստծուն լսելի կլինի»,-ասում է նա և անհավատ տեղաբնիկներին կաթոլիկ մի աղոթք սովորեցնելով՝ շարունակում ճանապարհը: Ետդարձին նա որոշում է մեկ անգամ էլ այցելել այդ նույն կղզին և երբ նավը մոտենում է ափին, սուրբ հայրը նկատում է, թե ինչպես ջրի վրայով քայլելով իրեն են մոտենում այդ նույն հնդկացիները: «Ահա թե ինչ հրաշքներ կարող է գործել ճշմարիտ աղոթքը»,-ինքն իրեն փառավորվում է քարոզիչը: «Հայր, հայր,-ձայն է տալիս ջրի վրայով քայլող ացտեկներից մեկը,- խնդրում ենք կանգ առեք և մեկ անգամ էլ սովորեցրեք մեզ Աստծուն լսելի այն աղոթքը: Մենք չհիշեցինք նրա խոսքերը»: «Կարևոր չէ…»,-զմայլվելով հրաշքով պատասխանում է քարոզիչը՝ հասկանալով վերջապես, որ Աստված խոսում է բոլոր «լեզուներով»:
«Մակտուբ» (փոխադրություն)
Կարևորն աղոթքի խոսքերն ու լեզուն չեն: Կարևոր չէ նաև, թե ինչպես և որտեղ ես աղոթում, մոմ վառում ես, թե ոչ և վերջապես աղոթում ես արդյոք, թե չգիտես անգամ՝ ինչ բան է աղոթքը: Կարևորը` չգիտակցված, ենթագիտակցորեն աղոթքի վիճակում գտնվելն է, Աստծո ստեղծած աշխարհում շրջապատիդ հետ ներդաշնակված, Նրա հաստատած ճշմարիտ օրենքներով ապրելը: Եվ եթե «ոգևորված» Աստծո հետ քո «նմանությամբ» ինչ-որ բան ես ցանկանում ստեղծել, ապա «արարչագործությունդ» պիտի ուղղված լինի միայն և միայն Աստծո հաստատած ճշմարիտ կարգի` Տիեզերական Ներդաշնակության պահպանմանն ու տարածմանը, այլ ոչ ինչպես այսօր է`ամենուր բնական ներդաշնակությունների խաթարմանն ու քաոսի աստիճանի անընդհատ ու աննախադեպ ավելացմանը, մայր մոլորակի բռնաբարմանը, նրա և նրա հետ միասին նաև մարդկության կործանմանը…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=314831361975640&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել