Բացատրել հստակ, թե ինչ է իշխանությունը, միանշանակ դյուրին չէ, քանի որ իշխանությունը մեր կյանքում դրսևորվում է տարբեր ձևերով ու տեսակներով: Պետք է տարանջատել իշխանության բնույթը՝ մարդ-մարդ, մարդ-բնություն, նաև մարդ-հասարակություն հարաբերություններում: Իշխանությունն ինքնին հնարավորություն և կարողություն է իրականացնելու սեփական կամքը` ազդելով այլ մարդկանց գործելակերպի և գործունեության վրա: Նայելով քաղաքական տեսանկյունից` անդրադառնանք քաղաքական տերմինների բացատրական բառարանին, որտեղ «իշխանություն» հասկացողության համար տրված է հետևյալ բացատրությունը՝ «Իշխանությունը քաղաքականության կենտրոնական, ինստիտուցիոնալ եւ օրենսդրական-կարգավորիչ մասն է, ինչպես նաև մեկն է առավել հին ու կարևոր խնդիրներից քաղաքական գիտելիքներում, գրականության եւ տեսողական արվեստի մեջ, հասարակության մշակույթի ու կոնկրետ հենց անձի վերաբերյալ»: Իշխանությունն ուղղակի և անուղղակի կերպով կախված է մարդկային հարաբերություններից: Եթե մարդ մարդու հետ չունի լավ հարաբերություններ, ուրեմն իշխանության և դրա բաշխման մասին խոսք լինել անգամ չի կարող: Այսինքն` չկա հարաբերություն, չկա նաև իշխանություն: Մարդիկ օգտագործում են իշխանությունը իրենց կյանքը բարելավելու և ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Իշխանությունը վատթարացնում է, անասելի բարելավում է մարդկային փոխհարաբերությունները: Իշխանությունը դեղամիջոց է, ավելի դիպուկ` թմրանյութ, առանց որի քաղաքական գործիչները չեն կարող ապրել, թմրանյութի չափաբաժինը տալիս ենք մենք, ու մենք էլ կրում ենք մեր տված չափաբաժնի կործանիչ հետևանքները: Իշխանությունը ծնում է անհավասարություն: Կարելի է ենթադրել, որ մարդ-հասարակություն հարաբերություններում իշխանություն առաջանում է, եթե կան հասարակություն և պետության ստեղծման նախադրյալներ ու անհրաժեշտություն: Առանց իշխանության և ուժային փոխհարաբերությունների դժվար, գրեթե անհնար է պատկերացնել պետության գործունեությունը:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել