Ներմուծման և արտահանման գործընթացը բարելավելու համար տնտեսվարողների և ներդրողների հետ համապատասխան գործընթաց տանելուց զատ՝ ոչ պակաս կարևոր է բարելավել ենթակառուցվածքները և ձգտել հնարավորինս նվազեցնել տարատեսակ տրասնպորտային միջոցների սակագները:
Այդ նպատակով որոշակի գործընթացներից հետո հայտարարվեց Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագների իջեցման մասին:
Արդյունքում Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինում 2 հազար դոլարով: Փոփոխությունների արդյունքում բեռների որոշ տեսակների համար սակագները կիջնեն 80%-ով:
Նվազել են մասնավորապես հացահատիկի, անասնակերերի, սպիրտի և կոնյակի, մակարոնեղենի, պեռլիտի, հյութերի և հանքային ջրերի փոխադրման սակագները:
Պետք է նշել, որ Վերին Լարսի այլընտրանք կոչվող բեռնափոխադրման այս տարբերակը շատ կարևոր է բեռնափոխադրման համար և նմանատիպ բարեփոխումները կարող են դրական ազդեցություն ունենալ երկարաժամկետում: