Հետաքրքրությամբ կարդացի Արամ Աբրահամյանի խմբագրականը՝ նվիրված վարչապետի հայտնի ընդհարմանը գյումրեցի լրագրողների հետ։ Չեմ կարող ասել, որ բոլոր կետերի հետ համաձայն եմ, բայց եզրահանգումը լավն է․ եկե՛ք կա՛մ լրագրող լինենք, կա՛մ քաղաքական գործիչ։
Շատ լավ մասնագիտական դիտարկում է, որովհետև ստեղծվել է մի իրականություն, երբ քաղաքական դաշտի հետ գաղջությամբ, բռիությամբ ու ցածր պրոֆեսիոնալիզմով մրցակցել կարող է միայն լրատվական դաշտը։ Ընդ որում, եթե քաղաքական դաշտում սուրբ ձևանալը վաղուց արդեն դադարել է նորաձև լինել, ապա լրատվական դաշտում սուրբ կովի համախտանիշը ամենուր է։
Եթե առարկայական օրինակներով խոսենք, ապա որքան էլ կասկածից վեր լինի, որ Լֆիկը, Շմայսը, Յուվեցի Կարոն, Ապարանցի Լյովան, Նովոն ու այլ մականունավորները գործող քաղաքական ուժերի արգասիքներն են, բայց նրանց մեդիա խաղացողներ դարձնողները հենց մեր լրագրողներն են։ Ընդ որում՝ վերջին մի քանի տարիներին քաղաքական հարցազրույցներին ակտիվորեն փոխարինում են «տնական շմայսազրույցները», իսկ հետո դա հայտնվում է համացանցում ու սկսվում է մե խի՜նդ, մե ուրախությո՜ւն։
Գյումրիում էլ ականատես եղանք հերթական դրվագի, երբ վարչապետի հետ քաղաքական հարցազրույցի փոխարեն բավականին անբռնազբոս կերպով փորձեցին հերթական շմայսազրույց վերցնել։ Չենք քննարկի վարչապետի արձագանքը, որովհետև, ի հեճուկս Արամ Աբրահամյանի պնդման, ոչ մեկ չի կարող միանշանակորեն պնդել, որ այն սխալ էր քաղաքական գործչի համար։ Կարապետյանը խարիզմատիկ գործիչ է ու կարող է ստանդարտներից դուրս էլ լինել, նամանավանդ որ այդ սահմանները հեղհեղուկ են։
Այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավը դրան հետևած արձագանքն էր։ Ավելի կոնկրետ՝ երկու արձագանքները։ Հանրությունը մեծամասամբ սուր բացասական արձագանքեց լրագրողների վարքին, իսկ լրագրողական ճամբարը բաժանվեց երկու մասի, որոնցից մեկը օբյեկտիվ գնահատական էր տալիս ոչ պրոֆեսիոնալ վարքին, իսկ մյուս կեսը էլի հագել էր սուրբ կովի կաշին։ Արդյունքում շարքային սպառողիս մոտ տարակուսանք է ստեղծվում։ Պարոնայք սուրբ կովեր, գուցե ականջալո՞ւր լինեք հանրության արձագանքին ու հարգե՞ք ընթերցողին, ռադիոլսողին ու հեռուստադիտողին։ Շմայսազրույցներից զզվել ենք, նամանավանդ, երբ պատեհ ու անպատեհ առիթներով եք բոլորի հետ շփվում այնպես, ինչպես կշփվեիք Շմայսի հետ։ Գուցե ժամանա՞ն է մի քիչ էլ պրոֆեսիոնալիզմին վերադառնալու։
Կից նյութն՝ այստեղ