Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը
Էլենի
Հարց: Բարեւ Ձեզ։ Ամուսինս պապիլոմա տեսակի խալ ուներ, որը հեռացրել ենք: Նա ցավեր ուներ, եւ 2 ամիս հարաբերություն չենք ունեցել: Հիմա, երբ լավ է, մեզ մոտ ոչինչ չի ստացվում (նա չի գրգռվում), եւ ես չեմ հասկանում պատճառը:
Մինեւ այդ էլ մենք ամիսը մեկ անգամ էինք հարաբերություն ունենում. ցանկություն չէր լինում իր մոտ: Ասացեք, խնդրեմ, անհանգստանալու բան կա՞ եւ ի՞նչ կարող եմ անել, որ ամեն բան առաջվա նման լինի: Շնորակալություն:
Պատասխան: Տղամարդու մոտ երկարատեւ հարկադրական սեռական աբստինենցիայից (ձեռնպահություն) հետո երբեմն կարող է արձանագրվել սեռական համակարգի ֆունկցիոնալ ապամարզվածություն, ինչը հաճախ հանդիպող սեքսոլոգիական ֆենոմեն է: Այն երբեմն ուղեկցվում է տղամարդու որոշակի անվստահությամբ, սեռական անհաջողության սպասման նեւրոզով, սեռական ցանկության արգելակմամբ: Այս իրավիճակը պահանջում է սեքսոլոգիական վերականգնողական բուժում, որն ապահովում է բարձր արդյունավետություն:
Արթուր
Հարց: Բարեւ Ձեզ: Հնարավո՞ր է, արդյոք, շաբաթական 3-4 անգամ ձեռնաշարժությամբ զբաղվելու պատճառով
չբերություն առաջանա:
Պատասխան: Մաստուրբացիան, որպես կանոն, չի հանգեցնում անպտղության:
Վարդան
Հարց: Բարեւ Ձեզ: Ինձ մի հարց է անհանգստացնում։ 25 տարեկան եմ, ապրել եմ բուռն սեռական կյանքով: Հիմա ունեմ առնանդամի ահավոր քոր, մաշկի տակ՝ գլխիկից ներքեւ, այտուց եւ մրմուռ: Ժամանակ առ ժամանակ լինում է տհաճ ցավ, մրմուռ եւ սպիտակ կաթնային արտադրություն, որն անցնում է 2-3 օրից: Հետո նորից կրկնվում է: Դրա պատճառով 3 ամիս է, ինչ հարաբերություն չեմ ունենում: Կարո՞ղ է ինձ մոտ շագանակագեղձի կամ կյանքին սպառնացող լուրջ խնդիր լինել: Եւ ուզում եմ իմանալ՝ որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի ստուգման համար: Մինչև այս բժշկի չեմ դիմել՝ ֆինանսական խնդիրներից ելնելով:
Պատասխան: Այտուցը, սպիտակ կաթնային արտադրությունը, մրմռոցը, քորը, տհաճ հոտը սեռական օրգաններում, ըստ էության, խոսում է միզուղիների բորբոքային խնդիրների մասին: Սպիտակ հեղուկի արտադրությունը թարախային պրոցեսի մասին է վկայում: Այն կարող է պայմանավորված լինել անպաշտպան սեռական հարաբերությամբ (սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ), ուժեղ մրսածությամբ (ոչ սպեցիֆիկ ուրետրիտ): Պարտադիր է անցնել հետազոտություն եւ բուժում՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Ձեզ համար ամբողջ գործընթացը կիրականացնենք անվճար:
Արամ
Հարց: Բարեւ Ձեզ, հարգելի բժիշկ։ Ճի՞շտ է արդյոք, որ առնանդամի կարճ սանձիկի վիրահատությունից հետո գլխիկի շրջանում վերանում է զգայունակությունը եւ նվազում էրեկցիան:
Պատասխան: Եթե առկա է կարճ սանձիկ, ապա այն հնարավոր է խանգարի եւ անհարմարություններ ստեղծի սեռական հարաբերության ժամանակ, ուստի եւ խորհուրդ է տրվում կատարել սանձիկի հատում կամ պլաստիկա: Այդ վիրահատությունը գործնականում չի ազդում էրեկցիայի եւ զգայնության վրա:
Արսեն
Հարց: Բարեւ Ձեզ: Խնդրում եմ՝ ինձ օգնեք. առնանդամիս վրա նկատում եմ փառանման բան, որը թրջում է:
Պատասխան: Ըստ Ձեր նկարագրած կլինիկական դրսեւորումների՝ հավանաբար առկա է կանդիդոզային (սնկային) եւ/կամ բորբոքային բալանապոստիտ: Այդ դեպքում պետք է հետազոտվել, որպեսզի հնարավոր լինի իրականացնել կոնկրետ էթիոտրոպ բուժում:
Լուսինե
Հարց: Բարեւ Ձեզ: Աղջիկս 1.9 տարեկան է, մոտ հինգ ամիս է՝ պարբերաբար իր մոտ նկատում եմ սեռական բնույթի շարժումներ: Փորի վրա պառկած ժամանակ փափուկ խաղալիքը դնում է ոտքերի արանքն ու տուտուզով շարժում: Խնդրում եմ՝ օգնեք հասկանալ, թե ինչ կարող եմ անել:
Պատասխան: Այս վիճակը բնորոշվում է որպես վաղ մանկական հասակի (մինչպուբերտատային) պսեւդոմաստուրբացիա (կեղծ ձեռնաշարժություն): Իգական սեռի երեխաների մոտ այն երբեմն սկսվում է հեշտոցի քորի պատճառով, որը կարող է լինել հելմինթների (մակաբույծ որդեր) կամ վուլվովագինիտի (հեշտոցի բորբոքային սնկային պրոցես) հետեւանքով: Սեռական օրգանների՝ ձեռքով շոշափումը երեխայի մոտ առաջ է բերում հաճելի զգացողություններ, որը ժամանակի ընթացքում սկսում է կրել հաճախակի եւ ինտենսիվ բնույթ: Երբեմն երեխան ջղակծկման շարժումներ է անում՝ հպվելով որեւէ առարկայի կամ անկողնուն: Դիմեք սեքսապաթոլոգի: