Դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ մարդիկ գերադասում են իրենց ավանդները պահել դոլարով, ինչի հետևանքով էլ երկրում առաջացել է դոլարիզացիա, այլ կերպ ասած, երբ մարդիկ դրամի փոխարեն գործարք են կատարում դոլարով:
Աշխարհի բոլոր երկրների կենտրոնական բանկերն էլ պայքարում են դոլարիզացիայի դեմ և իրենց երկրի քաղաքացիներին պարտադրում են գործարքները կատարել բացառապես ազգային դրամով, անգամ այդ պահանջին չենթարկվելու համար սահմանված են խոշոր չափի տուգանքներ:
Դոլարիզացիայի բարձր մակարդակը նվազեցնում է դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը՝ թուլացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոխանցումը բանկային համակարգ։ Բացի այդ՝ ռեզիդենտներին արտարժույթով լայնածավալ վարկավորումը՝ լողացող փոխարժեքի ու հատկապես դրամի արժեզրկման պայմաններում, մի կողմից թանկացնում է վարկերի սպասարկումը, մյուս կողմից՝ ռիսկեր ստեղծում դրանց վերադարձելիության հետ կապված։
Մեկ տարվա ընթացքում հայկական տնտեսության դոլարիզացիայի մակարդակը 65%-ից կրճատվել է մինչև 60%: Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Մակրոտնտեսական զեկույցին։
Ավանդների ընդհանուր ծավալների մեջ ռեզիդենտների կողմից արտարժույթով ներդրված ավանդների հարաբերակցության հաշվարկների համաձայն՝ 2016 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ դոլարիզացիան կազմել է 60,1% (2015 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ՝ 65%):
Նշենք, որ Մակրոտնտեսական զեկույցը, եռամսյակային մակրոտնտեսական հրապարակում է, որը ներկայացնում է ԵԱԶԲ-ի Գլխավոր տնտեսագետի խումբը։