Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ |
Որոշեցի պատասխանել ՄԻՊ-ի մամուլի քարտուղարին:
Սիրելի Նաիրա,
Նախ շնորհավորում եմ Ձեզ կանանց տոնի առթիվ:
Ակնհայտ է, որ պատասխանելով իմ հարցազրույցին վերաբերող Ձեր արձագանքին՝ կանանց միամսյակի կապակցությամբ կլինեմ ավելի հանդուրժող, ինչը թույլ չի տա ինձ տալ համարժեք պատասխան: Բայց ակնհայտ է, որ չանդրադառնալով Ձեր արձագանքում բարձրացված որոշակի մեկնաբանություններին՝ հնարավորություն կստեղծեմ էլ ավելի մոլորեցնել հանրությանը: Ելնում եմ այն կանխավարկածից, որ իրավաբանը չէր կարող իրավանորմերը մեկնաբանել այնպես, ինչպես այն մեկնաբանել եք Դուք:
Այսինքն՝ ուզում եմ հավատալ, որ Ձեր պատասխան-պարզաբանումը իսկապես գրվել է Ձեր կողմից և ոչ թե ՄԻՊ գրասենյակում աշխատող որևէ իրավաբանի կողմից:
Այժմ ստիպված անդրադառնամ կոնկրետ հարցերի. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն իսկապես ՄԻՊ-ին տալիս է իրավասություն՝ ծանոթանալ քրեական, քաղաքացիական վարչական կարգապահական տնտեսական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են: Բայց, ինչպես իրավացիորեն նշեցիք, «ծանոթանալու» և ոչ թե գնահատական տալու այդ ակտերին, ինչպես Դուք եք նշում՝ մեկնաբանելով նշված օրենքի որոշ դրույթներ: Ակնհայտ է, որ գնահատական տալու մասին խոսքը Ձեր մեկնաբանության արդյունքն է, քանի որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի ողջ տեքստում բացակայում է «գնահատել, գնահատական տալ» եզրույթները: Ինչ վերաբերում է նույն հոդվածի համաձայն պաշտպանի իրավասությանը՝ հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ, ապա դա իրավաբանների կողմից չի կարող մեկնաբանվել որպես գնահատական տալու պաշտպանի իրավասություն, ինչպես Դուք եք մեկնաբանել:
Հանրահայտ է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումը ոչ այլ ինչ է, քան ՄԻՊ-ի կարծիք, ինչը վերջինս պետք է փորձի հիմնավորել: Իրավաբանական բուհի առաջին կուրսեցուն անգամ հայտնի է, որ դատարանն ու Արդարադատության խորհուրդը անկախ մարմիններ են: Եթե իշխանության մյուս ճյուղերի դեպքում Ձեզ համար ցանկալի մեկնաբանությունների արդյունքում հնարավոր է եզրահանգել, որ ՄԻՊ-ն ունի գնահատական տալու իրավասություն, ապա դատական իշխանության դեպքում չի կարող նույնը լինել: Դատական իշխանության մարմինները, պետական ցանկացած պաշտոնյայի՝ այդ թվում ՄԻՊ-ի, քննադատության թիրախ չեն կարող լինել: Նույն կերպ անթույլատրելի է նաև սուբյեկտիվ կարծիքի վրա հիմնված վիճակագրական տվյալներ հնչեցնելը: Գնահատական տալը իրավաչափորեն ընկալվում է որպես դատական իշխանության նկատմամբ միջամտության փորձ:
Մինչ ինձ խորհուրդ կտաք «Հստակ տարբերակել բողոքի քննարկումը (որի ընթացքում պաշտպանն իրավասու է պահանջելու բողոքին առնչվող ցանկացած նյութ և պարզաբանում…)» ճիշտ կլինի կարդալ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որտեղ օրենսդիրը հստակ բացառել է ՄԻՊ-ի կողմից դատարաններից ու դատավորներից վերոհիշյալ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու հնարավորությունը: Ի դեպ, իրավաբաններին հայտնի է, թե ինչու: Կարծում եմ՝ պատասխանիս այս հատվածը հնարավորություն կտա Ձեզ հրաժարվելու այն թյուր կարծիքից, թե ՄԻՊ-ը կարող է գնահատական տալ դատական ակտերին:
Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ հաշվետվությունում դատական իշխանության իբր թերացումները զետեղելու Ձեր կամ Ձեր ղեկավարի տարօրինակ արդարացումներին, ապա ակնհայտ է, որ Սահմանադրությամբ իշխանության ճյուղերը հստակ բաժանված են: Այս մասին շատ է խոսվել, ուստի չարժե կրկին անդրադառնալ հանրահայտ այս իրողությանը:
Ի դեպ, ՄԻՊ-ի 2012 թվականի ուսումնասիրությունները վարչական արդարադատության պրակտիկայում ամենևին կապ չունեն դատական ակտերին գնահատական տալու հետ: Դրանք այլ կարևոր գործառույթներ են, որոնք կարգավորվում են նույն օրենքի այլ դրույթներով:
Եվ վերջապես, անդրադառնալով իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու Ձեր և ՄԻՊ-ի անիրավաչափ ցանկությանը կամ այդ հեռանկարով ինձ վախեցնելու փորձերին, ստիպված եմ փոքր դասախոսություն էլ կարդալ քրեական իրավունքի տեսությունից: Մասնավորապես, «միջամտել» եզրույթն իրավական կատեգորիա է, որը չի կարող հավասարեցվել հարցազրույցում բարձրացված իրողությունների հետ: Բացի այդ, քրեական օրենսգրքով նախատեսված հատուկ սուբյեկտը, այսինքն՝ պաշտոնատար անձը, պետք է ունենա միջամտելու իրական հնարավորություն: Քանի որ խոսք գնաց քրեական իրավունքից ու պատասխանատվությունից, ապա հորդորում եմ ուսումնասիրել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածն ամբողջությամբ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքում: