Newmag.am-ը գրում է.
Անկախության մասին այս տարի զրուցել ենք 10 գործչի, 10 էքստրաօրդինար անհատականության հետ, և ամեն անգամ մեր հանդիպումները եղել են «Դը քլաբի» նկուղում` նոր սերնդի այցելուների և երիտասարդ մատուցողների ներկայությամբ։ Եվ մեր ամեն զրույցից հետո կանոնավոր մոտեցել եմ սպասավորին` անկախության սերնդի տիպիկ ներկայացուցչին և մեր անկախության տարեկցին, ու տվել միևնույն անհեթեթ հարցը. ո՞վ էր մեր զրուցակիցը։ Ահա այս անգամ էլ, երբ մոտեցա մատուցողին, նա հուսահատ ընկրկեց`արդեն 10-րդ անգամ տալով միևնույն պատասխանը. «Առաջին անգամ եմ տեսնում»։ «Դավիթ Շահնազարյան… հը՞»,- ասացի։ Ուշադիր նայեց աչքերիս մեջ, ինչպես քննիչին ֆռռացնող հանցագործը։ Ու խոստովանեց. «Ես ապրում եմ իմ կյանքով։ Ձեր սովետական անցյալն ինձ չի հետաքրքրում»։
Գնել Նալբանդյան – Պարո՛ն Շահնազարյան, ԱՄՆ նախագահները, պաշտոնավարումն ավարտելուց հետո դառնում են հաջորդ նախագահի խորհրդատուն, կամ բանագնացը, դասավանդում են կարևորագույն բուհերում, կամ քաղաքագիտական հիմնադրամ են բացում. այսպես թե այնպես` մնում են քաղաքականության մեջ: Հայաստանում կամ Հայաստանի պես երկրներում այդպես չէ: Յուրաքանչյուր հաջորդ նախագահը կարծես իր պարտքն է համարում մոռացության մատնել այն ամենը, ինչ արել է իր նախորդը: Եվ նախորդը կամ «փակվում է կղզում», կամ հայտնվում է օտար երկրի տնտեսական օղակում: Ինչո՞ւ է այդպես: Անկախության մասին պատկերացումների չգոյությո՞ւնն է պատճառը:
Դավիթ Շահնազարյան – Առաջին պատճառն այն է, որ 25 տարվա ընթացքում այդպես էլ քաղաքական համակարգ չկայացրինք: Հայաստանում քաղաքական համակարգ գոյություն չունի, պարզապես քաղաքական դաշտ է: Երկրորդ. Հայաստանը 25 տարվա ընթացքում իշխանությունը երբեք չի փոխել ընտրությունների արդյունքում: Մեր տիպի պետություններում դա շատ վատ ավանդութի է վերածվել: Նոր իշխանությունը չի՛ ձևավորվում ընտրություններում: Հիմնական պատճառներից մեկը, կարծում եմ` հենց սա է: Մեր նախորդ երկու նախագահներն էլ վերադառնալու ինչ-որ հույս ունեն: Իշխանությունը փոխվում է, բայց քաղականության ժառանգականությունը չի պահպանվում: Նոր նախագահը մեծ կամ փոքր չափով հակադրվում է նախորդ նախագահին: Բայց տեսնենք, թե ինչն է իշխանության ձևավորման նախընտրական հիմքը: 90-ականների սկզբին հիմքը հասարակությունն էր, 1995-96-ից իշխանություն դարձավ, այսպես կոչված` երկրապահը, այնուհետև այդ ինստիտուտին փոխարինեց օլիգարխիան: Իշխանության ձևավորողը, իշխանության աղբյուրը, իշխանության հիմքը դարձավ օլիգարխիան: Ես կարծում եմ, որ 90-ականներին մենք բոլոր քաղաքական ինստիտուները կայացնելու հնարավորությունն ունեինք: Բայց այսօրվա բոլոր կուսակությունները, առանց բացառության, մի հոգու որոշման կուսակցություններ են` սկսած իշխանական կուսակցությունից:
Գ.Ն. – Այդ դեպքում դա կուսակցություն չէ: Մեկ ուրիշ բան է, բայց ոչ` կուսակցություն:
Դ.Շ. – Քաղաքական պայքարը, առաջին հերթին, պետք է լինի կուսակցության ներսում: Օրինակ` ԱՄՆ-ում քաղաքական պայքարը կուսակցության ներսում է: Դաժան պայքար է գնում, թե ով պետք է լինի կուսակցության թեկնածուն: Ամեն չորս տարին մեկ այդ պայքարը տեսնում ենք: Մեզ մոտ այդպես չէ: Շատ լրատվամիջոցներ, ՀԿ-ներ, փորձագիտական կառույցներ շատ ավելի մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման վրա, քան թե շատ ու շատ կուսակցություններ:
Արտակ Ալեքսանյան – Իմ կարծիքով կուսակցություններն իրենց մի թակարդ են գցել, որից չեն կարողանում դուս գալ: 90-ականներին և նույնիսկ 2000-ականներին ռազմաշունչ հռետորաբանությունը ընտրական էլեկտորատի վրա ազդում էր, բայց 2008թ-ից հետո` ինչպես մարտի 1-ի գագաթնակետից հետո, մարդիկ հոգնել են դրանից: Բայց մյուս կողմից, երբ կուսակցությունները փորձում են ավելի քաղաքակիրթ լինել, կա՛մ պիտակավորվում են, կամ դառնում են անհետաքրքիր: Մարդիկ ընտրությունների ժամանակ ցանկանում են տեսնել խտացված գույներ` ուժեղ իշխանություն, կամ ատելությամբ լցված ընդդիմություն: Ինչպե՞ս է պետք դուրս գալ փակուղուց:
Դ.Շ. – Ձեր գնահատականներին համաձայն եմ: Սկսած 90-ականներից գործի է դրվում հետևյալ մոդելը. ընդդիմությունը պետք է համախմբվի և կենաց-մահու պայքար մղի իշխանության դեմ: Բայց կուսակցությունները մոռանում են, որ սա չի կարող հաջողության բերել, և չի էլ բերելու: Պայքարը դառնում է ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն իշխանության: Այսօրվա կուսակցությունների ճնշող մեծամասնությունը` չառաջարկելով որևէ լուրջ այլընտրանք, պարզապես ասում է. ես ավելի լավը կլինեմ: Անընդհատ խոսում ենք համակարգային փոփոխությունների մասին, բայց որևէ կուսակցություն դրա մեջ որևէ բովանդակություն չի դնում: ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կամ Վերածնունդ, ՀԱԿ… Կարելի է շարունակել: Կարո՞ղ եք որևէ սկզբունքային տարբերություն դնել այս կուսակցությունների ծրագրերի միջև: Որևէ տարբերություն չկա: Բացարձակապես:
Ա.Ա. – Միայն երևի դաշնակցականներն են, որ ընդգծված սոցիալիստներ են:
Դ.Շ.- Այդ պատճառով ՀՅԴ անունը չտվեցի: Բայց հիշատակածս կուսակցությունների միջև որևէ տարբերություն չկա: Դասական առումով` պիտի լիներ մի կուսակցություն, և դրա ներսում պետք է լինեին ֆրակցիաներ, առանց որոնց կուսակցությունը չի կարող գոյություն ունենալ: Այժմ հասարակությունը խորապես հիասթափված է ընդհանրապես քաղաքական դաշտից: Հասարակությունը միամիտ չէ, հասարակությունը շատ լավ է հասկանում նրբերանգները: Ես վստահ չեմ, որ մեր հասարակությունն ուզում է, ինչպես Դուք ասացիք` ռազմատենչ ընդդիմություն: Դուք գիտեք որ չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր: Իմաստն այն է, որ քաղաքականությունը չպետք է հիմնված լինի որևէ քաղաքական կամ նույնիսկ բարոյական սկզբունքի վրա, բայց սա վերաբերում է միայն ու միայն արտաքին քաղաքականությանը: Մեզ մոտ դա կիրառվում է ներքին քաղաքականության ոլորտում: Դա անընդունելի է գործարար համակարգի համար: Եվ հակառակը` արտաքին քաղաքական հիմքում ընկած են դոգմաներ, բայց դա անընդունելի է, որովհետև արտաքին քաղաքականությունը պետք է զերծ լինի դոգմաներից: Այլասերված է քաղաքական համակարգը:
Գ.Ն. – Ինչո՞ւ է այդպես: Մարդիկ բուհերում չե՞ն սովորել այդ տարրական ճշմարտությունները, թե՞ 25 տարին քիչ է:
Ա.Ա. – Թե՞ պրովինցիալ երկիր ենք` ժառանգաբար կոմպլեքսավորված:
Դ.Շ.- Պետք է 90-ականներին ամեն ինչ արվեր: Չարվեց, և հետզհետե ավելի վատացավ վիճակը: Ընդհանրապես քաղաքական մշակույթն ավելի շատ հիմված է ավադույթների վրա, քան թե օրենքների: Բոլոր երկրներում: Կարևորագույն խնդիրները լուծվում են հենց ավանդույթներով, և դրանք շատ ավելի գործուն են: Հայաստանում քաղաքական հակամշակույթ ձևավորվեց: Իշխանությունը շահագրգռված էր ունենալ մասնատված ընդդիմություն: Իշխանությունը գծել է այդ գաղափարը` ուղղակիորեն կամ անուղղակի. թող ընդդիմությունը չմիավորվի, որ հետո էլ ասեն` տեսա՞ք, ընդդիմությունը չմիավորվեց: Սա սխալ թեզ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




