«Մարտական գործողության մասնակից»՝ նշանակում է լինել մարտական գործողության մասնակից: Այսինքն՝ հրամանի, մարտական գործողության պլանով կոնկրետ մարտական խնդիր լուծող ստորաբաժանման կոնկրետ հրամանով կոնկրետ գործողության մասնակից՝ լինի անմիջական մարտի մեջ մտած հրաձիգ, հեռահարությամբ գործող հրետանավոր, թե մարտի ընթացքում առաջնագիծ անձնակազմ կամ զինամթերք տեղափոխող վարորդ: Մարտական գործողության մասնակցի սահմանումը պետք է հստակ տրվի:
Մարտական տագնապով կազմ պատրաստ անձնակազմը չի եղել մարտական գործողության մասնակից:
Մարտական հերթափոխում գտնվող մարտական հերթապահություն իրականացնողը չի համարվում մարտական գործողության մասնակից:
Հ.Գ. Այս աղմուկը, որ բարձրացել է, ակնհայտ է միտումը՝ որոշ ուժերի կողմից անվստահություն սերմանել բանակի հանդեպ: Միգուցե մասնավոր դեպքեր կան անճշտության, բայց այն համատարած բնույթ չի կրում: Հասկանում եմ՝ շատերը կցանկանային ծառայությունից վերադառնալ «մարտական գործողության մասնակից» նշումով, հատկապես որ այն, օրինակ, ուսման պահով՝ ՀՀ ԿԳՆ-ի կողմից սահմանած 50% ուսման վարձի զեղչի իրավունք է տալիս: Որոշ զորամասերում փորձել են «լավություն» անել և շատերի զինգրքույկներում նշել են «մարտական գործողության մասնակից» այն դեպքում, երբ տվյալ անձինք չեն եղել մարտական գործողության մասնակից կամ համար 1 տագնապով կազմ-պատրաստ անձնակազմում են եղել կամ հետո գտնվել են մարտական հերթափոխի մեջ, բայց այդ շրջանում չեն ընթացել մարտական գործողություններ:
Տեսածս բոլոր նյութերում ուշադրություն դարձրի մի հանգամանքի վրա. ում զինգրքույկներում մարտական գործողության մասնակցության նշումը գրված է «Անվավեր»՝ ո՛չ զորամասի կնիք կա, ո՛չ էլ շտաբի պետի ստորագրությունը:
Հ.Հ.Գ. Ամեն դեպքում զինգրքույկը սևագրության կամ կամայական նշումների տետր չէ: Պետք է այդ անգրագետ ու սուբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերողներին, յուրաքանչյուր դեպքի քննությամբ հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն: Սա նուրբ ու զգայուն հարց է, համապատասխան մարմինները, մասնավորապես ՀՀ ՊՆ-ն ու ԼՂՀ ՊԲ-ն պետք է ԱՄԵՆ ՄԱՍՆԱՎՈՐ դեպքը քննեն, որպեսզի մարտական գործողության ոչ մի ԻՐԱԿԱՆ մասնակից չտուժի, և ոչ մի աճպարար չշահարկի ու այլոց հաշվին իրեն հնարամիտ չհամարի: