Ինչպե՞ս է կայացել համալսարանական համակարգը: Ինչպե՞ս են առաջացել գիտական աստիճանները: Բակալավրիատի կամ մագիստրատուրայի շրջանավարտ, իսկ երբեմն նաև գիտական ավելի բարձր կոչումների արժանացած մեր ուսանողությունը հաճախ չգիտե, թե ինչպիսի հեղինակավոր կոչումներ է իրականում ստացել (գուցե պատճառը ներկայիս համալսարանական կրթության մեջ բովանդակության բացակայությունն է, ո՞վ գիտե):
Ինչևէ, հարցի պատասխանը գտնելու համար պետք է մտովի տեղափոխվել XII դար և ուսումնասիրել աշխարհիկ համալսարանների կազմավորման պատմությունը: Նախքան Վերածննդի դարաշրջանը Եվրոպայում դասավանդման իրավունքը պատկանում էր բացառապես Կաթոլիկ Եկեղեցուն: Դոկտորական աստիճանի (լատիներեն doceo-«ուսուցանում եմ» բառից) եկեղեցական ակունքները սկիզբ են առնում առաքելական շրջանից, երբ առաքյալներն ու Եկեղեցու հայրերը ստանձնել էին Սբ. Գրքի մեկնության և ուսուցման պարտականությունը:
Դասավանդման թույլտվությունը (licentia docendi) տրվում էր եկեղեցական ատյանի առջև քննություններ հանձնելուց հետո և հատուկ վճարի դիմաց: 1179թ.-ին Լաթերանի III ժողովում որոշվեց, որ դասավանդելու իրավունք ստանալու համար հավակնորդները պետք է քննվեն նաև եկեղեցական սխոլաստիկայից: Պայմանների նման խստացումը բուռն վեճեր հարուցեց եկեղեցական և աշխարհիկ իշխանությունների միջև: 1229թ.-ի մարտին Փարիզի համալսարանում ուսանողական խռովություններ սկիզբ առան, որոնք տևեցին շուրջ երկու տարի և Գրիգոր IX պապը վերջիվերջո ստիպված եղավ 1231թ.-ի ապրիլի 13-ին «Parens scientiarum» շրջաբերականով աստիճանաշնորհման և վարչական անկախություն շնորհել Փարիզի համալսարանին:
Այսուհետ համալսարաններն իրենք էին շնորհում գիտական աստիճանները և կոչումն արդեն զուտ գիտական և աշխարհիկ բնույթ է ստանում, սակայն մինչ օրս կոչման շնորհման արարողակարգը և պայմանները պահպանում են նախնական հոգևոր բովանդակությունը: Ես նկատի ունեմ անհրաժեշտաբար երեք դոկտորների և միայն դոկտորների կողմից աստիճանաշնորհման պայմանը: Հայ Եկեղեցում գիտական բարձրագույն կոչումը մինչ օրս համարվում է Ծայրագույն վարդապետությունը: Դարեր շարունակ բարձրագույն կրթություն Հայաստանում ստանում էին վանական համալսարաններում (Տաթև, Գլաձոր, Հաղպատ ևն), ըստ որում ծայրագունության կոչում ստանում էին միայն եզակի ընտրյալները: Համապատասխան քննությունների հանձնումից հետո հավակնորդը ստանում էր իր կոչումը երեք ծայրագույն վարդապետների կոլեգիայի կողմից (այժմ այդ աստիճանաշնորհումը կատարում է ծայրագույն վարդապետի աստիճան ունեցող եպիսկոպոսը): Հարկ է նկատել, որ բացի պահանջվող աստվածաբանական փայլուն իմացությունից հավակնորդները խստորեն քննվում էին նաև փիլիսոփայության, աստղագիտության, երկրաչափության, տաղաչափության և այլ աշխարհիկ գիտություններից, ուստի այս կոչումը աշխարհիկ միջավայրում ևս պահպանում էր իր վավերականությունը:
Սկզբնական շրջանում դոկտորական աստիճան շնորհվում էր միայն երեք գիտությունների գծով՝ աստվածաբանության, իրավունքի (կամ փիլիսոփայության) և բժշկության, բայց հետագա դարերի ընթացքում այս կոչումը տարբեր երկրների կրթական համակարգերում ունեցավ իր ճյուղավորումները:
Այժմ դառնանք համալսարանական կրթության առաջին աստիճանին. բակալավրիատ: Առաջին եռամյա կամ քառամյա ընդհանուր ուսումնաշրջանն ավարտած ուսանողներին, ովքեր հանձնում էին եռյակ և քառյակ գիտությունների քննությունները (քերականություն - տրամաբանություն - հռետորություն և մաթեմատիկա - երկրաչափություն - աստղագիտություն - տաղաչափություն) միջնադարում դափնե պսակ էին շնորհում, որտեղից էլ առաջացել է տերմինը (լատ. bacca-կրել և laureus-դափնեպսակ, հայերեն համարժեքը «գիտության պսակավոր» կոչումն է): Ինչ վերաբերում է մագիստրոսական կոչմանը (լատ. magister - վարդապետ, ուսուցիչ), ապա այն սկզբնապես եղել է դոկտորական աստիճանի համարժեք անվանումը, սակայն հետագայում միջանկյալ դիրք է գրավել բակալավրի և գիտության դոկտորի միջև (տարատեսակներից է նաև իսպանական համալսարաններում ծագած Լիցենցիատ կոչումը):
Խորհուրդս հոդվածն ընթերցողներին՝ հետամուտ եղեք հնարավորինս շատ գիտելիք ամբարելուն, իսկ կոչումները վաղ թե ուշ կգտնեն ձեզ...
Կարդացե՛ք Ստենֆորդի համալսարանի նորագույն հրատարակությունը համալսարանական համակարգի կազմավորման մասին. Homo academicus
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/03/homo-academicus.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել