Նախօրեին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը վարչապետին ներկայացրել է 2016-ի ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվությունից պարզ է դառնում, որ նախարարության աշխատանքների շնորհիվ խթանվել է արտահանումը, ներգրավվել են ներդրումներ, բարելավվել է գործարար միջավայրը, զարգացել է զբոսաշրջությունը:
Կարայանը վարչապետին տեղեկացրել է, որ վերազգային կորպորացիաների ցանցերում բարձրացել է հայաստանյան արտադրանքի ներկայացվածությունը: Ավելին՝ ԵԱՏՄ եւ տարածաշրջանային այլ շուկաներում հայաստանյան ապրանքների մուտքի համար առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծվել, աճել են արտահանման ծավալները:
Աշխատանքներ են տարվել նաեւ Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ստեղծման համար. ԱՏԳ-ի կառուցման աշխատանքները կմեկնարկեն մինչեւ ապրիլ: Պարզեցվել է նաեւ Իրանի տարածք մարդատար ավտոմեքենաների մուտքի գործընթացը: Այսուհետ սահմանված մեծ երաշխիքային վճարներին փոխարինելու կգան ապահովագրությունները, ինչ վերաբերում է նախկինում պահանջվող արժեքային շեմին, ապա այն նվազեցվել է 3 անգամ:
Հույս է ներշնչում այն, որ 2016-ին արտերկրում հայկական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու համար կազմակերպվել է 21 գործարար եւ ներդրումային համաժողով, արտերկրի բիզնես գործընկերների հետ կնքվել է 80 պայմանագիր: Բանակցությունների արդյունքում հայկական ընկերությունները ռուսական առեւտրային ցանցերի հետ պայմանավորվել են պանրի արտահանման ուղղությամբ: