Սինան փաշան (Սինան Մեծ, Խոջա Սիմար Սինան) (ծն. 09. 05. 1490թ., Արևմտահայաստան, Կեսարիա, գյուղ Աղրնաս - 08. 06. 1588թ., Կոստանդնուպոլիս) թուրքական ռազմական գործիչ է, աշխարհում առաջին հայազգի գեներալը: 1502թ. ավարտել է Կ. Պոլսի քրիստոնեական դպրոցը: 1503-1510թթ.-ին սովորել է զինվորական  դպրոցում: Այս դպրոցն ավարտելուց հետո քրիստոնեական ծագում ունեցող ենիչերական զորամասում նշանակվել է սակրավոր սպա: Մասնակցել է 1524թ.-ի Բալկանյան և 1534թ.-ի Բաղդադի պատերազմերին: Կառուցել է կամուրջներ, պաշտպանական շինարարություններ, ռազմական ճանապարհներ: Այս արվեստում հասել է կատարելության և 1539թ.-ին նշանակվել Օսմանյան սուլթանության գլխավոր ճարտարապետ: Ռազմական կառույցների հետ միասին հիսուն տարում Թուրքիայում կառուցվել է շուրջ 360 շինություն (131 մեծ ու փոքր մզկիթ, 55 մեդրեսե (դպրոց), 19 դամբարան, 7 գրադարան, 14 իմարաթ, 3 հոսպիտալ, 8 կամուրջ, 5 կամուրջ-ջրանցույց, 17 իջևանատուն, 31 պալատ, 35 բաղնիք, բազում պահեստներ և այլ շինություններ): Կառույցներ ունի Սարաևոյում (մզկիթ, 1531թ.), Եվպատորիայում (Ջումա Ջամի մզկիթ, 1552թ.), Բիտոլայում (Հայդար Կադի ջամիյա մզկիթ, 1561թ.), Դամասկոսում (Տակիա Սուլեյմանիյե մզկիթ, 1554թ.), Վիշեգրադում (Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջը Դրինա գետի վրա, 1571թ.): 1569-75թթ-ին Ադրիանապոլիսում կառուցած Սելիմիյե մզկիթը համաշխարհային ճարտարապետության հայտնի օսմանյան ճարտարապետության գլուխգործոց է:
Իր շինություններով դարձել է 5-7-րդ դարերի հայ-բյուզանդական գմբեթաշինության ավանդույթները շարունակող մեծագույն վարպետ: Վայելել է օսմանյան տիրակալների անվերապահ վստահությունը և այն ծառայեցրել է ազգակից հայերին: 1573թ.-ին սուլթան Սելիմ Երկրորդի հրամանով Կեսարիայի հայերը ենթարկվել են բռնի տեղահանության և տարվել Կիպրոս կղզի: Հայերի տեղահանությունը կանխելու նպատակով Սինան փաշան դիմել է Սուլթանին: Վերջինս ընդառաջելով գլխավոր ճարտարապետին՝ հրամայել է նրա ազգականներին ներում շնորհել և չտեղահանել: Այդ հրամանագիրը բարեբախտաբար պահպանվել է և 1930թ.-ին նախ հրատարակվել է թուրքերեն, ապա թարգմանվել նաև հայերեն: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել