Իրաքի Մոսուլ քաղաքի արևելյան հատվածն ազատագրելուց հետո իրաքյան զինուժը քաղաքի այդ հատվածից դուրս է հանել «Նինվեյի պահապաններ» կոչված ուժերին:
«Նինվեյի պահապաններն» այն սուննիական խմբավորումն է, որը ղեկավարվում է Իրաքի Նինվե նահանգի նախկին նահանգապետ Աթիլ ալ-Նուջայֆայի կողմից: Վերջինիս օրոք Նինվե նահանգն ամբողջությամբ անցավ Իսլամական պետության տիրապետության տակ: Ըստ որոշ տեղեկությունների՝ ալ-Նուջայֆայի գիտությամբ և աջակցությամբ:
Վերջերս լուրեր տարածվեցին, որ «Նինվեյի պահապանները» ու քրդական փեշմերգաները օգնել են Իսլամական պետության զինյալներին դուրս գալ Մոսուլից և տեղափոխվել Սիրիա:
Բացի այդ՝ կան տեղեկություններ, որ Թուրքիայի կողմից լուրջ աջակցություն է գալիս վերոհիշյալ «Նինվեյի պահապաններին» ու նախկին նահանգապետ Աթիլ ալ-Նուջայֆին:
Մնում է իրաքյան իշխանությունները նախ վճռական գտնվեն սուննիական հենց այդ կառույցին թույլ չտալու մասնակցել Մոսուլի ու ընդհանրապես սուննիաբնակ տարածքների ազատագրմանը (Մոսուլի ազատագրված հատվածներից այդ ուժին հեռացնելը, կարծես, այդ մասին է վկայում):
Աթիլ ալ-Նուջայֆային պատասխանատվության ենթարկեն 2014 թ. ամռան դեպքերի մասով: Այդ ժամանակ Իրաքի ողջ հյուսիսային սուննիաբանկ տարածքներն ու Մոսուլ քաղաքն անցավ իսլամականների վերահսկողության տակ: Իսկ Աթիլ ալ-Նուջայֆան փախավ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ:
Վերջապես գտնեն նոր լիդերներ Իրաքի սուննիների շրջանում: