Դևիդ Բեքհեմը Radio 4-ին տված հարցազրույցում ասել է, որ խոսել է ամուսնական դժվարությունների մասին և խորհուրդ է տվել՝ ինչպես հաղթահարել ճգնաժամը հարաբերություններում: 41-ամյա սպորտսմենը հայտարարել է, որ ինքն ու Վիկտորյան երբեք չեն բաժանվի, քանի որ շատ են սիրում իրար: Հիշեցնենք՝ զույգն այս տարի նշում է ամուսնության 18-ամյակը, և այսօր Դևիդն ու Վիկտորյան նորից ամուսնական երդում են տվել:
«Մենք շատ բան էինք ներդրել մեր առաջին հարսանիքի մեջ: Հիմա որոշել ենք թարմացնել մեր ամուսնական երդումները, բայց արարողությունը շատ ավելի մասնավոր էր»,- պատմել է Բեքհեմը:
Հաղորդավարուհու հարցին՝ որն է նրանց ամուսնության ամրության գաղտնիքը՝ Բեքհեմը պատասխանել է. «Դա կապված է մեր ծնողների հետ, որոնք մեր մեջ ընտանեկան ճիշտ արժեքներ են ներդրել»:
Առաջին հայացքից կատարյալ ամուսնությունը միշտ չէ այդպիսին եղել. Դևիդը խոստովանել է, որ ինքն ու Վիկտորյան լուրջ դժվարությունների միջով են անցել:
«Իհարկե, այսքան տարիների ընթացքում դուք սխալներ եք անում: Բոլորը գիտեն, որ ամուսնությունը ժամանակ առ ժամանակ բարդ է լինում, դրա վրա պետք է աշխատել: Բայց երբ մենք խնդիրների ենք հանդիպում, պարզապես զրուցում ենք, չէ՞ որ մենք իրար ավելի լավ ենք ճանաչում, քան որևէ մեկը», ասել է Բեքհեմը:
Հավելենք՝ Բեքհեմների ամուսնությունը զերծ չէ խնդիրներից. 2004 թ. Դևիդը կնոջը դավաճանել է անձնական օգնականի՝ Ռեբեկա Լուսի հետ: Ասիստենտուհին մամուլին պատմել է ֆուտբոլիստի անհավատարմության մասին՝ հուսալով, որ այդ պատմությունը կքանդի նա հարաբերությունները, սակայն Վիկտորյան կարողացավ ներել ամուսնուն: Ավելի ուշ շշուկներ էին շրջանառվում Բեքհեմի այլ դավաճանությունների մասին ևս, բայց մամուլում բարձրացված աղմուկից հետո սպորտսմենը խելքի եկավ:
«Մենք միասին եք մնում, որովհետև ապրանքանի՞շ ենք: Բոլորովին ոչ: Մենք միասին ենք, քանի որ սիրում ենք իրար: Մենք միասին ենք, քանի որ 4 հիասքանչ երեխա ունենք: Իհարկե, մենք դժվարություններ ունենում ենք, բայց դրանք հաղթահարում ենք որպես մեկ ամբողջություն, որպես ընտանիք»,- ասել է Դևիդը:
Հիշեցնենք՝ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմներն ամուսնացել են 1999 թ., ունեն 4 երեխա՝ 17-ամյա Բրուքլինը, 14-ամյա Ռոմեոն, 11-ամյա Կրուզը և 5 տարեկան Հարփերը: Այսօր Վիկտորյան Instagram-ում ընտանեկան լուսանկար է հրապարակել: