Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում: Հայաստանի գինեգործության մասին հիշատակում են նաև հույն պատմաբան Հերոդոտոսը և հույն աշխարհագրագետ, փիլիսոփա Ստրաբոնը: 19-20-րդ դարերի հնագիտական պեղումները փաստում են, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն:
Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ:
Գինեգործության ճյուղը զարգանում է, և ավելանում են գինու արտադրության ծավալները: Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,807.4 հազար լիտր գինի, ինչը 2015թ. համանման ցուցանիշից ավել է 15.6%-ով։ Նշենք, որ միևնույն ժամանակ շամպայն գինիների արտադրությունն աճել է 17.4%-ով և կազմել 495.6 հազար լիտր։