Վրաց-ռուսական սահմանային Լարսին այլընտրանք որոնելու ուղիները պարզ են և ըմբռնելի. անհրաժեշտ է ակտիվ և բովանդակային բանակցություններ վարել ռուսական և վրացական կողմերի հետ: Թեև դրական ազդակներ այս օրերին հնչում են ոլորտի հայ պատասխանատուների կողմից, այդուհանդերձ ակնկալել, որ տեսանելի ապագայում դրական արդյունք կարող է գրանցվել, չափազանցված լավատեսություն կլինի: Խնդիրն այն է, որ որքան էլ խնդրով շահագրգռված կողմերը չեն ժխտում այլընտրանքային ճանապարհի անհրաժեշտությունը և կարևորությունը, կան օբյեկտիվ, առնվազն ներկա շրջափուլում, այնպիսի հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս առաջ շարժվել:
Քաղաքական գործոնները տվյալ դեպքում հիմնական խոչընդոտն են հիշյալի ուղղությամբ գործընթացը զարգացնելու տեսանկյունից. ռուս-վրացական փոխադարձ անհանդուրժողականությունն աբխազական և հարավօսական հարցերում գորդյան հանգույցի պես ծանրացել է ոչ միայն նշված կողմերի, այլ նաև ողջ տարածաշրջանի խաղաղ և անվտանգ աշխարհաքաղաքական և տնտեսական զարգացումների շահերով առաջնորդվող յուրաքանչյուր պետական միավորի ուսերին: Տվյալ մտքից բացառենք Ադրբեջանին ու Թուրքիային, որոնց, ընդհանուր առմամբ, ձեռնտու է վրաց-ռուսական կոնֆլիկտը:
Կենսական նշանակության հարց է հատկապես Հայաստանի համար Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային այլընտրանքային ելքեր գոյացնելը, և չնայած դժվարություններին, միևնույնն է, ջանքերի գործադրումն ու գործնական փուլ մեկնարկելը տրամադրող է, և կարևոր է, որ խնդիրը լուծվի, եթե նույնիսկ դա երկար ժամական պահանջի: